
Օդային տարածքի պաշտպանության ժամանակ ՀՕՊ միջոցներն այսուհետ կկիրառվեն կառավարության որոշմամբ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի. ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության դրել:
Ըստ որի՝ 2001թ․ նոյեմբերի 20-ին ընդունված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում պետք է լրացում մտցնել հետևյալ բովանդակությամբ.
«Պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Նշենք, որ 29-րդ հոդվածը սահմանում է ՀՕՊ զորքերի իրավասությունները պետական սահմանի պահպանության ոլորտում, որոնք են՝
ա) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել պատասխանելու հարցման ազդանշաններին, հարցում կատարել Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին:
բ) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել փոխելու թռիչքի ուղղությունը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարելու միջազգային օդանավակայաններում, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա օդանավակայանում կամ համապատասխան այլ տարածքում:
գ) Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը:
Թե ինչով է պայմանավորված այս լրացումը, դեռ պարզ չէ:
Հավելենք, որ հունիսի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը: Պաշտոնը մինչ օրս թափուր է: