Աֆղանստանում Հայաստանը խաղաղապահ կոնտինգենտ չունի

Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ կտրուկ վատթարացել է անվտանգային միջավայրն Աֆղանստանում՝ կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև բախումների պատճառով: Մասնավորապես, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց մինչև սեպտեմբերի 11-ն իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելու մասին, «Թալիբան» շարժումը սկսեց նոր տարածքներ գրավել։

Ըստ մամուլում շրջանառվող  տեղեկությունների,  Տաջիկստանի հետ հազար 357 կիլոմետր սահմանի երկու երրորդն արդեն գտնվում է թալիբների վերահսկողության տակ։

ԱՄՆ-ը Աֆղանստանից ամբողջությամբ իր զորքերը դուրս կբերի մինչև օգոստոսի 31-ը։

2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացրել նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:

Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել էր, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանը զգալի կրճատել է Աֆղանստանում (121-ից մինչև 58-ը) և Կոսովոյում (40-ից մինչև 2-ը) իր խաղաղապահ կոնտինգենտը։

168.am-ի տեղեկություններով, այս տարվա մարտ ամսից ՀՀ խաղաղապահ կոնտինգենտը դուրս է եկել Աֆղանստանից, քանի որ այնտեղից դուրս է եկել նաև Գերմանիան:

Իսկ Կոսովոյում և Լիբանանում հայ զինծառայողները  շարունակում են իրենց խաղաղապահ առաքելությունը:

Հավելենք, որ արցախյան վերջին պատերազմում  Խաղաղապահ ուժերի բրիգադից զոհվել է մոտ 4 տասնյակ զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս