
Բեռնատարի վարորդը չարտոնված անցումով հատել է երկաթգիծը, գնացքը հարվածել է թափքին

Հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն։
Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:
Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում: