Դատախազությունը ընտրությունների առիթով 782 հաղորդում է ստացել հանցագործության մասին, հարուցվել է 60 քրեական գործ. Կարեն Բիշարյան
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ բողոքների քննության չորրորդ օրն է: Նախորդ օրերին ՍԴ-ում դիմումների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել ու պատասխանել կողմերի հարցերին դիմող 4 ուժի ներկայացուցիչները և պատասխանող կողմը:
Այսօր դիմումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունը դատախազությանն էր: Բարձր դատարանում դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը նախ անդրադարձավ ընտրությունների վերաբերյալ դատախազության ստացած հաղորդումներին:
Բիշարյանի փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով գլխավոր դատախազությունում ընդհանուր առմամբ 782 հաղորդում է ստացվել: Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ այդ հաղորդումներից միայն 60-ի դեպքով է հարուցվել քրեական գործ, մյուս դեպքերում բացակայել են քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հատկանիշները:
Բիշարյանի փոխանցմամբ՝ հարուցված 60 քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվել 66 անձի նկատմամբ, նրանցից 16-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կարեն Բիշարյանը նշեց նաև, որ դիմող ուժերի բարձր դատարանին ներկայացրած 265 հաղորդումները մինչ ՍԴ ներկայացնելը Դատախազությանը հասու չեն եղել, սակայն դրանց դատախազությունն այս ընթացքւոմ հասցրել է ծանոթանալ և պարզել է, որ դրանցից 206-ի դեպքով հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել: