«Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է և տարածքային պահանջատիրության հիմք»․ Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է և տարածքային պահանջատիրության հիմք։
Օրինակները շատ են’ Պարսից Ծոց – Արաբական Ծոց (եթե որևէ արժանապատիվ իրանցու մոտ ասեք Արաբական Ծոց, կդառնաք նրա թշնամին) կամ Հունաստանի պայքարը Մակեդոնիա անվանման դեմ, քանի որ Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով տարածք։
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում “Զանգեզուրի Միջանցք” անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն – “Արևելյան Զանգեզուր”: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։
Եթե նման անվանումով որևէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, Սյունիք անվանման փոխարեն, ապա կարելի է անկեղծորեն հետաքրքրվել, թե Ալիևից որքան գումար են ստացել դրա համար։
Իսկ արժանապատիվ ու պետական մտածողություն ունեցող կառավարությունը թույլ չէր տա, որ որևէ արտասահմանյան լրատվամիջոց, կամ առավել ևս պետպաշտոնյա նման անվանում գործածի, բայց դա արդեն գործող կառավարության մասին չէ»։