Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե եռակի թուլացել են
Հայաստանում օգտատերերի 0,4%-ը 2021-ի առաջին եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում գրանցվել է համանման ցուցանիշ, իսկ Ադրբեջանում այն կազմել է 0,6%։
2020-ի հունվար-մարտին համակարգիչների օգտատերերի 1,1%-ը ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,9%, իսկ Ադրբեջանում՝ 1,4%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, ընթացիկ տարվա հունվար-մարտին աշխարհում ամենաշատը նման գրոհների բախվել են Թուրքմենստանում (6,3%), Տաջիկստանում (5,3%) և Աֆղանստանում (4,8%) գտնվող օգտատերերը։
2020-ի առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 118 099 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 249 748.
«Կիբեռհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին»,- նշում են ընկերության փորձագետները։
Նրանք համարում են, որ տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի խոցելիությունները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով թարմացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։