«Բացառվում է, որ իմ նախկին դիրքորոշումներից հետ կանգնեմ, նույնիսկ նման ակնարկ չի կարող լինել». Մխիթար Զաքարյան

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ նա «Հայաստան» դաշինքի ցուցակի 17-րդ համարն է և պատրաստվում է  վերցնել պատգամավորական մանդատը։

Այսօրվանից նրա լիազորություններն արդեն դադարեցված են։

Թեև հրաժարական տալու պատճառը Մխիթար Զաքարյանն արդեն ներկայացրել էր, այդուամենայնիվ  դիմումի տեքստին ծանոթանալուց հետո հանրության որոշ ներկայացուցիչներ կարծիքներ են հայտնում համացանցում, թե  նա փոխել է իր նախկին դիրքորոշումը՝ իշխանությունների հրաժարականի և նրանց գործողությունները քննադատելու վերաբերյալ: Թյուրընկալման պատճառը, թերևս, ֆեյսբուքյան գրառման ձևակերպումն էր , որ իր քաղաքական տեսակետը որևէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին։

168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց, որ իր գրածը բոլորովին չի նշանակում, որ նախկին դիրքորոշումը փոխել է՝ դա բացառվում է։

«Բացառվում է, որ իմ նախկին դիրքորոշումներից հետ կանգնեմ, նույնիսկ նման ակնարկ չի կարող լինել։ Ինքս չեմ ցանկացել, որ իմ համայնքը 16 օր կորցնի, միայն ես չեմ, այսպես ասած, ճամպրուկային։ Տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, երեք բաժնի պետերը, բնակավայրերի վարչական ղեկավարների մեծ մասը և այլք։ Նրանք հեռանում են ոչ թե՝ որպես ի նշան բողոքի, այլ՝ մենք թիմով էինք և աշխատում ենք համայնքի ղեկավարումը սահուն կերպով փոխանցենք հաջորդ թիմին։ Կլինի նո՞ր թիմ, թե՞ ժամանակավոր պաշտոնակատար, այլ հարց է, ցանկացել ենք, որպեսզի այդ ժամանակահատվածը մեր համայնքի համար չկորչի»,- պարզաբանեց Մխիթար Զաքարյանը։

Նա ընդգծեց, որ միևնույն է, պատգամավորական մանդատը վերցնելու օրը համայնքապետի իր լիազորությունները պետք է դադարեցվեր, հետևաբար՝ որոշել է ավելի վաղ հրաժարական ներկայացնել՝ ելնելով զուտ համայնքի ու բնակիչների շահերից։ Մտածում էր նույնիսկ ավելի շուտ հրաժարական ներկայացնել։

Միաժամանակ Մխիթար Զաքարյանը շեշտեց, որ տեղյակ չէ, թե ով կլինի Մեղրիի համայնքապետը, հետևաբար՝ ճիշտ չի լինի կարծիք հայտնել, թե ինչ է սպասվելու Մեղրիին։ Իսկ այն թեկնածուների անունները, որոնք շրջանառվում են, ասեկոսեների մակարդակում են, հստակ որևէ թեկնածուի անուն դեռևս չկա։

«Օրենսդրությունը թույլ է տալիս ոչ համայնքի բնակիչ նշանակել համայնքապետ, այսինքն՝ ընտրության հնարավորությունը շատ լայն է։ Իմ գործունեությունը Մեղրիում, Սյունիքում շատ ավելի տեսանելի է, նույն ոճով շարունակելու եմ խորհրդարանում՝ մեր դաշինքի գաղափարախոսությամբ ու տրամաբանությամբ՝ ի շահ Հայաստանի անվտանգությանն ու զարգացմանը»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս