
Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 7-ին հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Կողմերը զրուցել են երկու երկրների մշակութային ամուր կապերի մասին և ընդգծել կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում: Այս մասին հաղորդարություն է զետեղվել Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոնների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը:
Անդրադարձ է եղել ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոններին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը: