Փաշինյանը հանձնարարական է տվել, որը պետք է կատարի դեռևս գոյություն չունեցող պաշտոնյան  

Այսօր Հայաստան է ժամանել Հայաստան ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությունը:

ԵՄ-ից  ժամանած պատվիրակությանը դիմավորելու համար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել գոյություն չունեցող պաշտոնյային՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին: Հիշեցնենք, որ դեռ մայիսի 27-ին Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական տվեց, նրանից հետո հրաժարական տվեցին նաև փոխնախարարները, երեքը դուրս եկան, մնաց միայն նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, որը, սակայն, որևէ հանդիպման կամ կառավարության նիստերի չի մասնակցում: Կարելի է ասել, ըստ էության, չի կատարում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Փաշինյանի ստորագրած որոշման մեջ հանձնարարականներ էին ստացել նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, ոստիկանության պետը, Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետը, Պետական պահպանության ծառայության պետն ու ֆինանսների նախարարի պաշտոնակատարը, որոնցից յուրաքանչյուրն իր գերատեսչության շրջանակներում ունի պարտականություններ ԵՄ պատվիրակության  ընդունելությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Նշենք, որ ԵՄ պատվիրակության երկօրյա այցի ընթացքում  կեցության, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից կհատկացվել է  790.000 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս