Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հեռակա բաժինների մեծ մասը փակելու լուրերի մասին

Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տարածել, որ Շիրակի պետական համալսարանում հեռակա բաժինների մեծ մասը փակում են:

«Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինների մեծ մասը փակում են, քանի որ ուսանողների թիվը քիչ է: Բուհի ղեկավարության ցանկացած պատճառաբանություն այս հարցում կամայական է, քանի որ պետք է մտածեին միայն կրթության որակը բարելավելու, ոչ թե վարձավճարներ հավաքելու մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ և բուհի կառավարումից գրեթե ոչինչ չի հասկանում: Ըստ Սերոբյանի` եթե ուսանողների թիվը քիչ է, ապա պետք է փակեն բաժինները: Ոչ ռազմավարությունից է խոսում, ոչ էլ ուսանողներ հավաքագրելու մասին խոսք կա: Երեք տարվա մեջ ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ն ոչինչ չի արել դեպի բուհ ուսանողների հոսքն ապահովելու՝ ՇՊՀ-ն գովազդելու համար: Բաժիններ փակող ֆիզիկոս ռեկտորը, որը նաև փակեց ֆիզիկայի բաժինը, բացարձակ չի ամաչում, որ, կրկնուսույց լինելով, իր մյուս ֆիզիկոս պաշտոնյա ընկերների հետ չեն կարողացել ուսանողներ ներգրավել ֆիզիկայի բաժին, բայց մեծ հաճույքով զբաղեցնում են վարչական պաշտոններ և ստանում են շատ բարձր աշխատավարձեր»,- գրել էր Գագիկ Համբարյանը:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք նման բան կա՞։ Ի պատասխան՝ նա ասաց․ «Ոչ մի որոշում չի եղել, ոչ մի բաժին չի փակվել, ընդամենը մենք յուրաքանչյուր տարի նախարարություն ենք ներկայացնում տեղեր՝ վարձավճարներով, որպեսզի այդ բոլորը հաստատվի՝ ընդունելություն անենք, և ամեն տարի քննարկվում է, մենք նայում ենք շուկան, պահանջարկն ու առաջարկը, փորձում ենք հասկանալ:

Երեկ քննարկվել էր մի տարբերակ, այսօր ևս քննարկվել է, հանգել ենք մեկ այլ եզրակացության: Այդ բոլորն արվում են, որ առաջարկությունները համապատասխան կարգով հաստատվեն, ներկայացվեն նախարարություն: Առայժմ նման ոչ մի բան չկա, մտքերի փոխանակություն է եղել ընդամենը»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Սերոբյանը:

Հետաքրքրվեցինք՝ ընդհանրապես ո՞ր բաժիններ են քիչ դիմում, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց.

«Այս պահին դեռ հեռակայի դիմորդներ չունենք: Հայտարարություն չենք տվել, տեղերը որոշված չեն: Հանրապետությունում ունենք որոշակի մասնագիտություններ, որոնք այսօր ծանր վիճակում են, օրինակ՝ բնագիտամաթեմատիկական ուղղությունները»:

Հարցին՝ ֆիզիկայի բաժինն արդյո՞ք փակվել է, Երվանդ Սերոբյանն արձագանքեց՝ ասելով.

«Անցած տարի ունեցանք մեկ դիմորդ, հետո պարզվեց, որ նա նաև դիմել է ՀՀ ՊՆ «Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան», ու այնտեղ տեղափոխվեց: Մենք հայտարարագրել ենք, որ պարզապես չկան դիմորդներ: Այդ խնդիրն ամբողջ հանրապետությունում է, համապետական խնդիր է: Ֆիզիկայի բաժինը փակելու մասին խոսք չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս