«Դողդողացող ձայնով» բողոքի մերժում, «ծաղր»՝ իրավաբանության նկատմամբ. Չարչյանի փաստաբանների գնահատականը՝ վերաքննիչ դատարանի որոշմանը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի փաստաբանների բողոքն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
Դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Չարչյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասացին, թե Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է և առնչություն չունի իրավաբանության հետ:
«Վերաքնիչ քրեական դատարանը՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Մերժեց բավականին դողդողացող ձայնով: Ամեն ինչ էլ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ: Այսինքն՝ բոլոր ասպեկտներով կարելի է այս ամեն ինչը հասկանալ՝ ճնշումներ դատավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուրը կապ չունի իրավունքի հետ:
Բոլոր դեպքերում մենք եկել էինք վերաքննիչ դատարան՝ արդարադատության ակնկալիքով: Մենք կարծում էինք, որ ամեն դեպքում այստեղ մենք իրավաբանություն տեսնելու ենք, բայց ցավոք, չտեսանք:
Դատարանի կողմից բոլոր այն հարցադրումները՝ նիստերի ընթացքում, որոնք հնչում էին, բացառապես օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն պետք է թողնեին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր: Այսինքն հենց ինքը՝ դատարանը, այն հարցերը, որոնք բարձրաձայնում էր, որոնց պատասխան չէր կարողանում ստանալ ո՛չ դատախազից, ո՛չ քննիչից, մենակ դրա մասին պետք է վկայեր: Ցավոք սրտի, ունեցանք հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում կալանավորման ֆետիշացումը: Ես ցավում եմ դրա համար, բայց մյուս կողմից էլ կարող եմ մի բան ասել, որ ինչքան էլ ճնշումները կատարեն, ինչքան էլ այս ապօրինությունները շարունակեն, վստահ եղեք՝ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Սա ծաղր է իրավաբանության նկատմամբ: Ճիշտ է, մենք՝ փաստաբաններս, երբեք մեր վերաբերմունքը դատավորի նկատմամբ չենք պայմանավորում դատական ակտով: Ես ի սկզբանե՝ առաջին զրույցի ժամանակ ձեզ հետ, նշեցի, որ տիկին Աբգարյանը իրականում պրոֆեսիոնալ դատավոր է և իրավաբան, սակայն այս որոշումը՝ իր կողմից կայացրած, մեր համար անընդունելի է: Ինչո՞ւ, որովհետև իսկապես որևէ հիմք չկա պարոն Չարչյանին անազատության մեջ պահելու… Այս որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ: Սա միանշանակ քաղաքական երանգ պարունակող զուտ հանգամանքներ են, որոնք ստիպում են դատավորին նման որոշում կայացնելու»,- գործընկերոջ խոսքը լրացրեց Էրիկ Ալեքսանյանը:
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Վահե Միսակյանին: Արմեն Չարչյանն այժմ գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում: