Իշխանության համար կարևոր են այն կադրերը, որոնք ծառայում են ոչ թե պետությանը, այլ իշխող թիմի նեղ անձնական շահերին. Տիգրան Աբրահամյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, և, որ «գործ ունենք սահմանային միջադեպ»-ի հետ, շարունակում է քննարկումների ծիրում մնալ: Թեման առավել սրվեց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգությունից հետո, և նույնիսկ քաղաքական տարբեր շրջանակներից հնչեցին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկի առաջարկներ:

Ի վերջո, ինչո՞ւ «սահմանային միջադեպ», և ո՞րն էր ՀԱՊԿ-ի նման արձագանքի պատճառը՝ 168.am-ը այս հարցադրումների պատասխանները լսեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանից:

«Բնականաբար, սա սահմանային միջադեպ չէր, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չէր արտացոլում իրավիճակի ողջ լրջությունը, այլ բան է, թե իրականում ինչ դրդապատճառներ ունի ՀԱՊԿ-ի նման արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և առհասարակ, ինչ ակնկալիքներ պետք է ունենալ ՀԱՊԿ-ից,- նշեց փորձագետը, ապա մանրամասնեց,- ՀԱՊԿ-ը շատ բազմաշերտ կառույց է, որտեղ ներկայացված են ամենատարբեր երկրների շահերը, մոտեցումները, նաև հակասությունները: Հասկանալի է, որ մեզ համար առանցքային նշանակությունը կամ կարևորությունն այդ կառույցում լինելու՝ այդտեղ ՌԴ հիմնական դերակատար լինելն է, և այն ունի ընդգծված քաղաքական դերակատարություն:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ից ակնկալվող օժանդակություն ստանալու հարցը ենթադրում է նաև ՌԴ-ի հետ ուղիղ բանակցություններ, քննարկումներ, ինչի արդյունքում արդեն իսկ կարելի է ավելի հստակ ձևակերպել մեր սպասելիքները, անելիքներն այս կառույցի հետ կապված:

Ենթադրում եմ, որ հայ-ռուսական այս պահին եղած վատ հարաբերություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև ՀԱՊԿ գործողությունների և հայտարարությունների վրա, բայց այս վերջին ճգնաժամի պարագայում կա մեկ պարզ սկզբունք, որ ՀԱՊԿ-ն անընդհատ ներկայացնում է՝ այն է, որ եթե Հայաստանը ցանկություն չունի պատերազմելու, կռվելու, պայքարելու իր հողերի համար, ապա այդ իրավիճակում մենք որևէ անելիք մեզ համար չենք տեսնում: Կարծես թե գլխավոր ազդանշանը, որն ուղղվում է Հայաստանին, դա է:

Ինչն էլ իր հերթին՝ պայմանավորված է նրանով, որ մայիսի 12-ին ադրբեջանական ներխուժումն ուղեկցվեց ՀՀ իշխանությունների զիջողականությամբ, անտարբերությամբ, հանցավոր անգործությամբ»:

Տիգրան Աբրահամյանից նաև հետաքրքրվեցինք, թե առկա անվտանգային մարտահրավերների պարագայում ինչպե՞ս է վերաբերվում Զինված ուժերում իշխանությունների վարած քաղաքականությանը, հատկապես Մեղրիի, Մեհրաբի զորամասերի հրամանատարների պաշտոնանկությանը և ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին պաշտոնից հեռացնելու համար իշխանությունների ձեռնարկած քայլերին, նա արձագանքեց. «Ինչպես կառավարման համակարգի մյուս օղակներում, այնպես էլ Զինված ուժերում այս իշխանությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ կարևոր են, առաջնային են այն կադրերը, որոնք ծառայում են ոչ թե պետությանը, այլ իշխող թիմի նեղ անձնական շահերին, քմահաճույքներին, և բնական էր, որ ինչպես այս, այնպես էլ վերջին երեք տարիներին մենք ունեցանք ծառայողներ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած Զինված ուժերից, վերջացրած՝ իրավապահ մարմիններով, ովքեր չհանդուրժեցին այս առաջնահերթությունը և ուղղակի դուրս եկան համակարգերից»:

Տեսանյութեր

Լրահոս