Բաժիններ՝

Դեն Բրաունը՝ Հայաստանում. գիրք և սիմֆոնիա՝ մանուկների համար

Երբևէ լսե՞լ եք գրքի մասին, որը նաև ձայն ունի: Եվ այն հասարակ ձայն չէ, այլ մի ամբողջ սիմֆոնիա: Երևանի գրախանութներում արդեն հնարավոր է գտնել աշխարհահռչակ ամերիկացի գրող, «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» և «Ինֆեռնո» բեսթսելերների հեղինակ, կոմպոզիտոր Դեն Բրաունի նոր՝ «Վայրի սիմֆոնիա» մանկական գիրքը՝ լի հարուստ ու զվարճալի նկարազարդումներով, հեղինակի ստեղծած սիմֆոնիայով և բազում գաղտնիքներով:

«ԶԱՆԳԱԿ» հրատարակչությունը՝ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, համատեղ կյանքի է կոչելի գրքի հայալեզու տարբերակը, որի թարգմանիչն է Սերգեյ Սարգսյանը:

«Մենք Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նախաձեռնել ենք այս գրքի հրատարակությունը, որը որպես բաղկացուցիչ մաս՝ ունի նաև համերգ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «ԶԱՆԳԱԿ» հրատարակչության ծրագրերի համակարգող Սրբուհի Այդինյանը:

«Այս նախագծի շրջանակներում շատ կարևորում էինք տարբեր մշակութային կառույցների միջև կապը: Հրաշալի է, որ Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունից ստացվեց այսպիսի արդյունք»,- նշեց Սրբուհի Այդինյանը:

Գրքի յուրաքանչյուր էջ նվիրված է մի կենդանու՝ կատուների, կենգուրուների, անգամ բուրգեր ուտող գետաձիու, որը նաև ուղերձ ունի փոքրիկների համար՝ «Երբեմն այնքան ես խճճվում խնդիրների մեջ, որ մոռանում ես վայելել հասարակ բաները»: Կենդանիներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշող երաժշտական հատվածը, ինչը կարելի է լսել ոչ միայն հուլիսի 24-ին Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի կայանալիք համերգի ընթացքում, այլ նաև Wild Symphony անվճար հավելվածի միջոցով: Հավելվածը ներբեռնելուց հետո այն պարզապես պետք է պահել ցանկացած էջի վրա և ունկնդրել Զագրեբի նվագախմբի կատարումները:

«Ժամանակակից շուկան պահանջում է ինտերակտիվություն: Երաժշտական հավելվածը, QR կոդը, որը սկանավորելով կարելի է լսել ամբողջ սիմֆոնիան, գաղտնիքները, շատ հետաքրքիր կլինեն երեխաների համար: Բացի երեխաների ժամանցն ապահովելուց, այն շատ ուսուցողական է, անմիջապես գրավում է երեխաների ուշադրությունը և կապում է նրանց ընթերցանության և դասական երաժշտության հետ»,- հավելեց Ս.Այդինյանը:

Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի տոմսերը կարելի է գնել «ԶԱՆԳԱԿ»-ի խանութներից, ինչը թույլ կտա սիմֆոնիա գիրքը գնել զեղչով: Համերգին նախորդելու է գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Սրբուհի Այդինյանն առաջարկում է ձեռք բերել այն և համերգը վայելել՝ զուգահեռ գրքի նկարազարդումները դիտելով:

Անի Գաբուզյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս