Հատկապես մայիսի 13-ից հետո որոշ խոտհարքեր, արոտավայրեր օգտագործելու դժվարություններ կան. Սանոսյան
Մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինվորների առկայությունը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Գեղարքունիքի մարզում խոտհարքն իրականացնելու ժամանակն է, սակայն աշխատանքը գյուղացիները ստիպված են անել հակառակորդ զինվորի նշանառության տակ:
«Արոտավայրերի և խոտհարքերի հետ կապված, այո, պատերազմից հետո մենք որոշակի խնդիրներ ունենք, և ունենք վայրեր, որտեղ որոշակի դժվարություններ կան այդ խոտհարքերը, արոտավայրերը օգտագործելու, հատկապես մայիսի 13-ից հետո:
Բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը, երբ որ մեր բնակիչները պետք է խոտը հավաքելու պրոցեսով զբաղվեն, որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, որպեսզի մեր բնակիչները իրենց ավելի ապահով զգան և այդ վայրերում կարողանան հավաքման պրոցեսն անել:
Եվ հույս ունենք, քանի որ դեռ այդ բարձրադիր վայրերում չի սկսվել այդ խոտը հավաքելու պրոցեսը, հույս ունենք՝ այս գործըթնացը, որը հիմա կա, երրորդ կողմի ներկայության պարագայում այդ խնդիրները կկարգավորվեն, և մեր բնակիչները կկարողանան հանգիստ կերպով այդ տարածքներից հավաքել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետի խոսքով՝ գործընթացը ժամկետ չունի, որպեսզի ասեն՝ ուշացել են, թե չէ: Բայց Սանոսյանը կարևորում է փաստը, որ գործընթացը շարունակվում է, ու ինչպես ինքն է ասում՝ կարևոր է, որ կան մի շարք համաձայնություններ, ու կարևոր է, որ կա դինամիկա:



