Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանը չի ստորագրելու ընդդիմության միջոցով. դրա համար էլ արեց այնպես, որ պակասի 1 մանդատ. Արա Վարդանյան

Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին բանավոր ընթացակարգով քննելու է արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՍԴ դիմած ուժերից մեկի՝ «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը նշեց, որ քանի դեռ ՍԴ-ի որոշումն առկա չէ, ինքը չի համարում, որ Փաշինյանն այս ընտրությունների արդյունքներով վերընտրվել է, սակայն, մինչ այդ, հստակ կարող է փաստել մեկ բան՝ 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները եղել են ամենավատ կազմակերպված ու ամենաշատ խախտումներով ընտրությունները 30-ամյա Հայաստանի քաղաքական կյանքում։

Դիտարկմանը, եթե սրանք եղել են ՀՀ պատմության մեջ կազմակերպված ամենավատ ընտրությունները, այդ դեպքում ինչո՞ւ փողոցում պայքար չծավալվեց դրանից հետո, ինչպես պնդում է իշխանությունը, Արա Վարդանյանը պատասխանեց.

«Նախորդ տարիներին կազմակերպված ընտրություններից հետո եղել են փողոցային պայքարներ, սակայն դրանք բերել են արյուն, և ասվածի լավագույն օրինակը՝ Մարտի 1-ը։ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, երբեք մարդկանց չի օգտագործել իշխանություն վերցնելու համար և նույնը չի անի հիմա։ Այս իշխանության օրոք փողոցային պայքարն ավարտվելու է բախումներով, իսկ նախագահ Քոչարյանը դեմ է դրան»։

Համեմատելով նախորդ ընտրական գործընթացների հետ՝ Վարդանյանը նաև շեշտեց՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը մեր պատմության մեջ արյուն բերած գործիչներ են։

Ըստ Արա Վարդանյանի՝ իր համար աներկբա է՝ Փաշինյանն ընտրությունների արդյունքները դարձրեց այնպիսին, ինչպիսին իրեն պետք էր։

Մեր ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չարեց այնպես, որ խորհրդարանում ունենա սահմանադրական մեծամասնություն, Արա Վարդանյանը պատասխանեց.

«Կասեն՝ լավ, բա եթե ընտրությունների արդյունքները սարքում էր, ինչո՞ւ չսարքեց այնպես, որ խորհրդարանում ունենար բացարձակ մեծամասնություն ու նրան չպակասեր մեկ պատգամավորի մանդատ։ Ես սրա վերաբերյալ իմ վերլուծություններն ունեմ, ըստ որի, Փաշինյանը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հետ կապված խոստումներ է տվել աշխարհի տերերին, ու նրան թվում է, որ կարող է դրսում խոստումներ տալ, իսկ Հայաստանում խաղեր տալով՝ փորձի ստանձնած պարտավորություններից սողոսկել։ Նա Ազգային ժողով է բերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր, և ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դրան կողմ չեն քվեարկելու, որից հետո Փաշինյանը գնալու է իր տերերի մոտ և ասի՝ ես ուզում էի, սակայն ընդդիմությունը թույլ չի տալիս. Այսինքն՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Փաշինյանը փորձելու է չստորագրել ընդդիմության միջոցով։ Փաշինյանն իր տերերին պետք է այնքան ժամանակ, քանի դեռ կատարում է հանձնարարությունները, իսկ, եթե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հաջորդ քայլով Ադրբեջանը դիմելու է, որ հանեն ռուս խաղաղապահներին Արցախից, ուստի հիմա Նիկոլի հերթական հակառուսական խաղն է գնում, որի արդյունքում կրկին պատժվելու է Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Վարդանյանը։

«Հայաստան» դաշինքի անդամի մեկնաբանությամբ՝ թեև այսօր Նիկոլ Փաշինյանն է խոսում պատժելու մասին, ակնհայտ է, որ դա էլ ժամանակի մեջ մանևրելու համար ասված խոսք է, որովհետև խոշոր հաշվով՝ պատժել չի կարող։

«Ճանճը փղի դեմ է պայքարում. ճանճը Նիկոլն է, իսկ փիղը երկար ժամանակ կարող է սպասել ու տեսնել, թե ինչպե՞ս է ճանճն իրեն կճմթում, բայց գալու է պահ, երբ ոտքը դնելու է ճանճի վրա, հետևաբար՝ զգուշացնում եմ՝ չափներդ մի անցեք։ Իրենց թվում է, որ այս երեք տարիների ընթացքում լուրջ հակազդեցության չեն արժանացել, ամեն ինչ կարող են անել, բայց սա զսպանակի պես բան է, որքան շատ են սեղմում, շատ ավելի ցավով է բացվելու, իսկ զսպանակը կարող է բացել և՛ ընդդիմությունը, և՛ մեկ անձ»,- ասաց Վարդանյանը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ այդ զսպանակը չբացեց ընդդիմությունն այս ընտրությունների ժամանակ, Վարդանյանը արձագանքեց.

«Չբացեց, որովհետև այդ ընտրությունները սարքված էին, սակայն ճանճը որքան էլ փորձի փղին վնաս տալ, չի կարողանալու»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս