«Իշխանությունների դեմքերին ուրախություն տեսնո՞ւմ եք, վախեցած դեմքեր ունեն, որովհետև շատ լավ հասկանում են՝ իրենք ինչ են արել». Էդուարդ Շարմազանով

«3 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ իշխանազավթում-հեղաշրջում օպերացիան, որն ունեցել է 2 նպատակ. Առաջին՝ արցախյան խնդրում ունենալ ոչ հայանպաստ լուծում, որին մենք արդեն ականատես եղանք, երկրորդ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կապիտուլյանտ իշխանությունը փորձում է մեղքը բարդել արտաքին մեր դաշնակցի վրա: Նրանք մարսեցին բանակի կազմաքանդումը, գեներալիտետի վրա գցելը, նախկինների վրա գցելը, բոլորը մեղավոր էին՝ Հուլիոս Կեսարից մինչև Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ես, Դուք, օպերատորը, բոլորը մեղավոր էին, ներքին թիրախները նշեցին, հիմա արդեն օպերայի երկրորդ սերիան է սկսվելու՝ արտաքին թիրախները: Այստեղ բուսնում են ԱԽ քարտուղարը կամ նախկին ԱԳ նախարարը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, որոնց բերանով Փաշինյանն ասում է՝ ժողովուրդ ջան, բա տեսնո՞ւմ եք՝ մենք ուզում էինք մեր սահմանները պահել, այս ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն են մեղավոր, որ երկու ամիս է՝ թուրքերը մեր սահմաններին են: Սա բացահայտ մանիպուլյացիա է, բացահայտ սուտ է, որովհետև եթե դու մի հատ օդ էլ չես կրակում, երբ թուրքը մտնում է քո տարածք, եթե դու թուրքերի ցանկացած պահանջ կատարում ես, քթիցդ բռնած՝ թուրքերն ասում են՝ էս քարտեզները տուր՝ տալիս ես, ամեն ինչ անում ես քաղաքական ղազի նման, ինչո՞ւ որևէ մեկը պետք է քեզ օժանդակի»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել էր Զասը: Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ստանիսլավ Զասի հետ, որի ընթացքում, ըստ մամուլի հաղորդագրության, մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ ժամանակին բարձրաձայնում էր, որ չի կարելի Հայաստանին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ գործողություններ իրականացնելով Յուրի Խաչատուրովի դեմ. «Հիմա եթե հայը այնտեղ լիներ, նման հայտարարություն կլինե՞ր, ո՛չ: Իսկ իրենք գիտե՞ն՝ ինչ տանջանքների և քրտնաջան աշխատանքի գնով է Հայաստանի նախկին իշխանություններին հաջողվել ՀԱՊԿ-ում ունենալ գլխավոր քարտուղար, իրենք գիտե՞ն, թե՞ օդից էր եղել: Բա, նման իրավիճակների համար էինք անում: Ես չեմ արդարացնում ՀԱՊԿ-ի արձագանքը, բայց մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Եթե թուրքը 2 ամսից ավելի քո տարածքում է, դու ոչինչ չես անում, քո Զինված ուժերը մի հատ օդ էլ չեն կրակում, դու ասում ես՝ նորմալ է, ոչ մի բան չկա, լայվ ես մտնում ու հիմար բաներ ասում, ի՞նչ պետք է անեին»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ եթե կրակեին, պատերազմ կլիներ, նա այսպես արձագանքեց. «Բա ի՞նչ, ուզում եք՝ ՀԱՊԿ-ը գա՝ ձեր փոխարեն պատերազմի՞: Դե, եթե ՀԱՊԿ-ը պետք է քո սահմանները պահի, ՀԱՊԿ-ը պետք է քո փոխարեն կռվի, էլ ինչի՞ ես վարչապետ ընտրվել, հեն է՝ մարդիկ կգնան՝ Զասից և Պուտինից ամեն ինչ կպահանջեն, դու էլ ո՞վ ես, ինչացո՞ւ ես: Օգնում են նրան, ով դրան արժանի է: Եվ այդ իմաստով՝ ես անթույլատրելի եմ համարում այն հակառուսական հիստերիան, որը հիմա բարձրացվել է: Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը Զասի պարտականությունը չէ, այս կապիտուլյանտ իշխանությունների պարտականությունն է»:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ թե լուծեցին երկրում առկա ճգնաժամը, այլ ավելի խորացրին այն. «Ամեն ինչ ավելի խորացել է, այսօր մենք չունենք ինքնիշխանություն: Ճգնաժամն ավելի է խորացել, և դա շատ լավ գիտակցում է նաև օրվա իշխանությունը. Նրանց դեմքերին նայեք՝ ուրախություն տեսնո՞ւմ եք, վախեցած դեմքեր ունեն, որովհետև շատ լավ հասկանում են՝ իրենք ինչ են արել: Այս իշխանությունը ինչքան մնաց՝ այնքան մենք ազգային օրակարգում տանուլ ենք տալիս»:

ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց՝ Փաշինյանն իր հետնորդներին ժառանգելու է բզկտված հասարակություն, սև-սպիտակ, ահավոր թվերի հասած արտագաղթ, 5000 զոհ, 1000 վիրավոր և Արցախի 75 տոկոսի կորուստ. «Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի՝ առաջ շարժվել: Շատ դժվար է լինելու: Մենք ծայրահեղությունների ազգ ենք՝ կամ մեզ գերագնահատում ենք, կամ՝ թերագնահատում: Կամ ասում ենք՝ աշխարհը մեզնից է սկսել, բոլորը պետք է գան՝ մեր առջև խոնարհվեն, կամ էլ ասում ենք՝ մեզնից ի՞նչ է կախված, որ: Այդպես չէ, պետք է պատրանքներից հրաժարվել, իրատես լինել, նպատակ, երազանք պետք է ունենաս, բայց պատրանք չպետք է ունենաս: Այդ պատրանքներն են քեզ խանգարում երազանքիդ հասնելու համար: Ներողություն, բայց մենք չենք հասունացել ազգային պետականություն ունենալու համար: Մենք պետք է հասունացնենք մեր հասարակությանը: Բոլորս պետք է հասկանանք, որ ազգային պետականությունը մենք չգնահատեցինք: Ես իմ ուսանողներին ասում էի՝ երեխեք ջան, դուք ամենաերջանիկ սերունդն եք, որովհետև 2 հայկական պետությունների ժամանակակիցն եք. արդյո՞ք մենք դա գիտակցել ենք: Մեկի համար սահմանների անվտանգությունն է կարևոր, մյուսի համար՝ սելֆին ու լայքը: Մենք պետք է հասնենք նրան, որ հայրենիքը, սահմանների անվտանգությունը, հայկականությունը լինեն բացարձակ արժեք, բայց այդ ամենը կարող է լինել մի դեպքում՝ երբ լինի համերաշխություն և հանդուրժողականություն»:

Նա հավելեց. «Երեք բան է սպանում Հայաստանին, երեք բան է ոչնչացնում քաղաքական գործչին՝ նախանձը, տգիտությունը և ատելությունը: Երբ քաղաքական ղեկավարությունը և քաղաքական էլիտան այդ երեք բաներից զերծ կլինեն, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել մեր երազանքին հասնելու առաջին քայլի մասին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս