Բաժիններ՝

Անփոխարինելի մեծությունն ու ազգային արժեքը. արվեստագետները՝ Ջիվան Գասպարյանի մասին

Ամբողջ աշխարհում հայկական ծիրանափողն ու երաժշտությունը հանրահռչակած, մեր երկրի պատիվը տարիներ շարունակ տարբեր երաժշտական հարթակներում բարձր պահած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին ոլորտի ներկայացուցիչները կենսուրախ և հետաքրքիր անհատ են համարում, նշում, որ նրա կորուստը անդառնալի է հայ ժողովրդի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը նշում է՝ Ջիվան Գասպարյանն ազգային արժեք է և մնալու է այդպիսին: Ոսկանյանը հիշեցնում է, որ Գասպարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է անսամբլից՝ երկար տարիներ լինելով մենակատար:

«Ըստ իս՝ մենք անդառնալի կորուստ ունեցանք, Գասպարյանը մեզ համար անփոխարինելի մեծություն էր»,-շեշտում է նա:

Ոսկանյանը պատմում է՝ եթե Ջիվան Գասպարյանը Երևանում էր լինում և ժամանակ էր գտնում, անպայման գալիս էր անսամբլի համերգներին, իսկ համագործակցության վերջին առիթը վարպետի 90-ամյակն է եղել: «Նա մշտապես մեզ հետ կապի մեջ է եղել՝ համույթը համարելով իր օջախը»,-եզրափակում է Գրիգոր Ոսկանյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը խորը ցավով է տեղեկացել Գասպարյանի մահվան մասին:

Հովհաննիսյանն ընդգծում է, որ Ջիվան Գասպարյանը դուդուկի համբավը, գործիքի արժեքը այն աստիճանի է բարձրացրել և կարևորել ամբողջ աշխարհում, որ դուդուկի թե՛ երեկվա, թե՛ այսօրվա դասարանները նրա դպրոցը կարելի համարել: «Բառեր չունեմ արտահայտելու իմ զգացմունքները: Նա մարդ էր, որն աշխարհում հանրահռչակեց մեր ազգային գործիքը, մեծ արձագանք ու հետաքրքրություն ստեղծեց մեր ծիրանափողի, հայկական ազգային երաժշտության շուրջ»,-շեշտում է Հովհաննիսյանը:

Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը խոստովանում է, որ Ջիվան Գասպարյանն իրեն շատ է սիրել, բազմիցս հյուրընկալել է իր տանն ու մշտապես աջակցել է խորհուրդներով: Դաբաղյանը փաստում է՝վարպետը հումորով էր, ժամանակակից, երեխայի հետ երեխա էր, երիտասարդի հետ՝ երիտասարդ, հետաքրքիր մարդ էր բոլորի համար, կյանքով լեցուն էր ու կենսախինդ:

«Ես չէ, որ պետք է խոսեմ նրա մասին, քանի որ Գասպարյանն իր գործով, անցած ճանապարհով ամեն ինչ ասել ու ապացուցել է: Նա մեծ ավանդ ու ներդրում ունի մեր երաժշտության զարգացման ու տարածման գործում: Ջիվան Գասպարյանը դուդուկը հայկական միջավայրից հանեց միջազգային հարթակ: Դա բոլորս գիտենք, նորություն չէ»,-նշում է Դաբաղյանն ու շեշտում, որ շատ է ցավում վարպետի կորսի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս