Բաժիններ՝

«Խոտը չքաղելու պատճառով 1 հակ խոտի գինը դարձել է 2000 դրամ, ժողովուրդը ստիպված անասուն պետք է ծախի, որ խոտ առնի»․ Սոթքի բնակիչ

«Ժողովրդի կեսից շատը դեռ սար չեն հելել՝ խոտհարքի»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ մի քանի օր է, ինչ Սոթքում և Կութում ժողովուրդը սկսել է խոտը քաղել, բայց միայն ներքևի հատվածներում, վերև բարձրանալը դեռ վտանգավոր է․

«Վերևում նստած են․․․ Սոթքի ժողովուրդն էլ խոտհարքներ ունեն՝ ոսկու հանքի կողմն է, էլի ադրբեջանցիները վերևում նստած են, կարող է ամեն պահի կրակեն կամ եսիմ ինչ անեն: Մի քանի ընտանիք գիտեմ, որ իրենց խոտհարքներն ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, չեն էլ թողնելու, որ քաղեն»։

Արմենը, որ նաև հաշմանդամության խնդիր ունի՝ 2 ոտքն անդամահատված է, մի քանի գլուխ անասուն ունի, և այդ գործերով 15 տարեկան որդին է զբաղվում։ Ասում է՝ մի քանիսին պետք է մորթեն, որ գոնե խոտ կարողանան գնել․

«Խոտը չքաղելու պատճառով 1 հակ խոտի գինը բարձրացել ու 1500 դրամից դարձել է 2000 դրամ, հես ա, որ ձյուն էլ եկավ՝ վաբշե կթանկանա։ Հիմա ժողովուրդը ստիպված անասուն պետք է ծախի, որ խոտ առնեն, շատ ահավոր վիճակ է․․․»։

Արմենը նաև դժգոհեց մսի գներից, ասում  է՝ առիթից օգտվելով՝ արհեստական ձևով մսի արժեքն իջեցնում են․

«Տավարի միսը՝ 1500 դրամ, 1500-1600, հլը կարող է՝ ավելի էժան։ Ստիպված ծախում են, ես էլ ստիպված պետք է ծախեմ, որ խոտ առնեմ․․․»։

Արմենը չի կարողանում համակերպվել ադրբեջանցիների ներկայությանը, ասում է՝ իր սեփական տան բակից նայում է դիմացի սարին ու տեսնում ադրբեջանցիների շարժը․

«Հենց հիմա մեր հայաթում նստած՝ տեսնում եմ իրենց պալատկեքը, իրենց շարժերը․․․»։

Հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում պաշտոնյաներ գնո՞ւմ են իրենց գյուղ, հետաքրքրվում մարդկանց առօրյա խնդիրներից․

«Չէ, չէ, ես միշտ գյուղի ճանապարհին եմ, մի հատ պաշտոնավոր մարդ չեմ տեսել, ոչ մեկը չի եկել։ Փաշինյանն ու մարզպետը, որ մի քանի ամիս առաջ եկան, գնացին, դրանից հետո էլ գյուղ մարդ չի եկել, թեկուզ մի հատ տեսնեն՝ ոնց է, ինչ է, ժողովրդին հույս տան․ չէ, չէ, ոչ մի բան, ոչ մի բան․․․»։

Նշենք, որ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն օրերես անդրադառնալով խոտհարքի խնդրին՝ 168.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ռուսական զորքը գալու է, գյուղում տեղ ենք հատկացրել․ 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս