«Մեր 3 գլուխ կովը նրանց մոտ մնացել է երկու ժամ, հետո եկել են ռուս սահմանապահները, միջամտել ու կովերին վերադարձրել են». Խնածախի գյուղապետ
Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում թշնամու կողմից իրականացվող սադրանքները գրեթե ամենօրյա բնույթ են կրում։
Թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են, հատկապես այս սեզոնին, երբ բնակիչների մեծ մասը դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնում, զինված ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ խուճապ տարածել նրանց շրջանում, կրակելով կամ արգելելով, որպեսզի կովերին արածեցնեն, դաշտից խոտը հավաքեն և այլն։
Այսօր վաղ առավոտյան հերթական միջադեպն է գրանցվել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում, թշնամին հերթական անգամ գողացել է գյուղի կովերից։
168.am–ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանն ասաց, որ վաղ առավոտյան, երբ կովերին դաշտ են տարել, թշնամին 3 գլուխ կով է գողացել, երբ այդ մասին գյուղում իմացել են, երկու ժամ հետո, ռուսների միջամտությամբ կարողացել են վերադարձնել։
«Մեր 3 գլուխ կովը նրանց մոտ մնացել է երկու ժամ, հետո եկել են ռուս սահմանապահները, միջամտել են՝ կովերին վերադարձրել են։ Նման միջադեպ գրանցվել էր նաև մոտավորապես 2 ամիս առաջ։ Ես չգիտեմ՝ ինչ պետք է անենք, որ խուսափենք նման դեպքերից, պետք է ուղղակի հովիվն ուշադիր լինի, որ նախիրին թշնամու դիրքերին շատ մոտ չտանի»,- ասաց Ա. Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ այս պահին գյուղի կովերը դաշտում արածում են, թշնամու դիրքերից հեռու են, ամեն ինչ անում են, որ հովիվը սահմանն աչքի առաջ ունենա և թույլ չտա, որպեսզի կովերը սահմանին շատ մոտենան։
Ի դեպ, հուլիսի 28-ին էլ մարզի Տեղ համայնքում թշնամին չէր թույլատրել, որպեսզի բնակիչները հավաքեին իրենց հնձած խոտը։ Միջամտել էին ռուս սահմանապահները և տեղի ՀՀ ԶՈւ բանակային կորպուսի հրամանատարը, որից հետո բնակիչները կարողացել էին խոտը հավաքել։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։