Բաժիններ՝

Մենք էլ ասում ենք՝ հյուրանոցներում այսքան զբոսաշրջիկ կա, Վերնիսաժ ինչո՞ւ չեն գալիս. աշխատակիցները՝ գիդերի վարած «նոր քաղաքականության» մասին

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Վերնիսաժի առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ։ Պատճառն էքսկուրսավարների վարած քաղաքականությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վերնիսաժի առևտրականները դժգոհել են, որ գիդերն իրենց զբոսաշրջիկներին Վերնիսաժի շուկա չեն բերում։ Պարզվում է, որ զբոսաշրջիկները հուշանվերներ, հայկական զարդեր գնում են Երևանից դուրս գտնվող առևտրի կետերից ու ավելի թանկ գնով: Եվ գիդերը դրսի խանութների հետ ներքին պայմանավորվածություն ունեն. եթե իրենց տարած զբոսաշրջիկը 1 մլն դրամի առևտուր է արել, ուրեմն 100 հազար դրամն իրենց գրպանում է։

Փորձեցինք հարցի շուրջ զրուցել Վերնիսաժի աշխատակիցների հետ:

«Երևի մասամբ ճիշտ է տեղեկությունը: Չենք նկատել, որ հատուկ ուղղորդված բերեն որևէ մեկի մոտ զբոսաշրջիկներին, բայց տուրիստական ավտոբուսներ կանգնում են Վենիսաժի մոտ: Իսկ ինչ վերաբերում է ուրիշ խանութներ տանելուն, ապա՝ այո, նման բան նկատել ենք: Հիմնականում, եթե զբոսաշրջիկները գալիս են, ապա ինքնուրույն, առանց էքսկուրսավարի ուղեկցության են գալիս:

Շրջաններում շատ զբոսաշրջիկներ կան, իսկ Վերնիսաժում` ոչ այդքան շատ: Չպետք է մոռանալ նաև այն, որ ամեն տեսարժան վայր ունի իր հուշանվերների խանութը»,- մեզ հետ զրույցում ասաց Վերնիսաժի մի աշխատակից:

«Մենք էլ ասում ենք՝ հյուրանոցներում այսքան զբոսաշրջիկ կա, Վերնիսաժ ինչո՞ւ չեն գալիս»,- զարմացավ մյուս աշխատակիցը:

Նրանք հայտնեցին, որ տաղավարների համար նախատեսված գումարը, որը նվազեցրել էին՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, կրկին բարձրացրել են: Վճարում են ըստ զբաղեցրած մակերեսի՝ 15․000-32.000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս