Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում է մի շարք սահմանափակումներ
Իրանի իշխանությունները COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում են մի շարք սահմանափակումներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Մասնավորապես, իշխանությունները որոշում են կայացրել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ կա COVID-19- ի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Հաղորդակցության հարցում մտցվել է արգելք այն քաղաքների միջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված հիվանդացության մակարդակը բարձր է:
Իրանի գործող նախագահն ավելի վաղ մտավախություն էր հայտնել այն մասին, որ «դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Իրանին սպառնում է COVID-19- ի 5-րդ ալիք:
Իրանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 254 հազար 818: Վիրուսի հետևանքով մահացել է 84 հազար 792 մարդ: