Բաժիններ՝

Քսան տարի անց Հայաստանում կրկին ելույթ ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին

«Ռավեննա» փառատոնի շրջանակում հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ-իտալական աննախադեպ համերգային երեկո: Քսան տարի անց Հայաստան էր ժամանել մեր ժամանակների ամենաականավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, որը ղեկավարեց երեկոն:

Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մենակատարներ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին: Համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյին հնչեցին Ֆ. Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» գործը՝ գրված Ռավեննայի փառատոնի պատվերով`
Դանթե Ալիգերիի 700-ամյա տարելիցի կապակցությամբ:

2021 թվականին Իտալիայում նշվում է Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցը, և «Ռավեննա» փառատոնի միջոցառումները նվիրվում են այդ իրադարձությանը: Երևանում տեղի ունեցած համերգից ընդամենը երեք օր առաջ՝ հուլիսի 1-ին, նույն համերգը նույն ծրագրով ներկայացվել էր Ռավեննայում: Մի քանի օրվա ընթացքում երկու հայ-իտալական խոշոր համերգային երեկո է անցկացվել, որոնց չկարողացավ խոչընդոտել ո՛չ տարածությունը, ո՛չ սահմանափակումները՝ պայմանավորված համավարակով:

«Ռավեննա» փառատոնի կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ խոշորագույն երաժշտական իրադարձության շրջանակում անցկացվող «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգները հյուրընկալվում են պատերազմը հաղթահարած քաղաքներում, վերականգնում կապերը տվյալ պատմական միջավայրի հետ և «եղբայրական կապեր» հաստատում: Այդ քաղաքներում համերգներ են անցկացվում հանուն խաղաղության: Առաջին նման համերգը տեղի է ունեցել 1997 թվականին պատերազմի հետևանքով ավերված Սարաևոյում:

Դեռ 2001 թվականին, երբ Հայաստանը տոնում էր քրիստոնեության որպես պետական կրոնի ճանաչման 1700-ամյակը, Մուտին հանդես էր եկել Երևանում: Դիրիժորին այնքան շատ էր դուր եկել Հայաստանը, իտալացի հյուրերին Հայաստանում այնքան ջերմ էին հյուրընկալել, որ նրանք կրկին ցանկացել են վերադառնալ:

«Ռավեննա» փառատոնի կազմակերպիչներին հուլիսի 1-ին շատ է տպավորել Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Ռավեննայում կայացած համերգի բարձր մակարդակը: Եվ հենց մաեստրո Ռիկարդո Մուտին բարձր է գնահատել երգչախմբի հետ համատեղ աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Ռոբերտ Մլքեյանին: Մուտին երգչախմբի հետ հետագա համագործակցության հույս է հայտնել և զրույցներից մեկի ընթացքում խոսել է հայերի և իտալացիների նմանության մասին:

«Դուք գիտեք, որ հայերն ու իտալացիները լավ բարեկամներ են, և մենք հրաշալի համագործակցում ենք ինչպես երաժշտական, այնպես էլ հումանիտար բնագավառներում»,-նշել է Մուտիին:

Անդրադառնալով սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ Մուտին նշել է, որ նա մեր ժամանակների հզորագույն կոմպոզիտորներից է, և ինքը սիրով է ընտրել Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը համերգին ներկայացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս