«Փաշինյանն իմ ծրագիրն է իրականացրել. այս ընտրություններում ես եմ հաղթել». Արծրուն Պեպանյան

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչում է հեղափոխություն՝ հայ քաղաքական մտքի զարգացման պատմության մեջ:

«Այս ընտրություններից հետո մեր ժողովրդի մտածող հատվածի մի մասը վերջապես ընդունեց այն, ինչ ես ահազանգում էի 25 տարի, որ կա խնդիր, ժողովուրդը դաժան անցյալի պատճառով հոգեմտավոր խեղումներ ունի, և եթե իրեն չապաքինեք, ապա ժամանակի ընթացքում կործանելու է այս պետությունը: Շատ-շատերը հիմա դա տեսան: Ես սա համարում եմ հեղափոխություն, որովհետև 25 տարվա պայքարս արդյունք չէր տալիս, բայց իրականությունը եկավ, վարագույրը բացվեց, և բավականին մեծ թվով մարդիկ հասկացան: Սա հույս է տալիս, որ այդ մարդիկ միավորվելով՝ կսկսեն իրենց հաջորդ հարցերը տալ՝ իսկ ե՞րբ է առաջացել այս խեղումը, ի՞նչ խորության է, ի՞նչ կերպ է հնարավոր դա ապաքինել, ժողովրդի ո՞ր մասի մոտ է այդ հիվանդությունը»,– 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գրողը հիշեցրեց, որ 2001թ. իր՝ «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը» գրքում հիմնավորել է, որ հայրենիքը հարկավոր է փրկել այն հայ ժողովրդից, որը այսօր կա Հայաստանում.

«Որևէ մեկի կողմից լուրջ չընդունվեց, ես միայնակ սկսեցի որոնել հարցերի պատասխանները: Մի 10-15 հոգու հրավիրեցի, հիմնեցինք «Վերելք» ակումբը, սկսեցին առաջին մասը քննել՝ ինչո՞ւ է մեր ժողովուրդն այսպիսին, պատմական անցյալն ուսումնասիրել: Մենք կոլեկտիվ աշխատանքներով պարզեցինք՝ ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ ունենք այսօր: Այնուհետև ես ինքս որոնումների մեջ մտա, համաշխարհային փորձն ուսումնասիրեցի և 2007թ. հրատարակել եմ մեր հիվանդությունը բուժող մի տարբերակ՝ «Կոնսերվատիվ հեղափոխություն»: Դրան գումարենք Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի աշխատանքները, հնարավոր է՝ մենք լուծում գտնենք»:

Նրա խոսքով՝ հասարակության առողջ զանգվածը միմյանց հարցնում է՝ սա ի՞նչ իրականություն է, մի՞թե մենք սա ենք, ի՞նչ անել.

«Ասեմ Ձեզ՝ այդ ահավոր պատկերից մեծ մասը ընկնում է ընկճախտի մեջ: Ես 10 տարի եղել եմ դրա մեջ: 1997թ. երբ այդ ահավոր ախտորոշումը պարզեցի, ամբողջ 10 տարի ինձ թվում էր՝ հույս չկա, որովհետև եղած քաղաքական գործիչներին լսում էի, տեսնում էի՝ իրենք պատկերացում չունեն այս խնդիրներից: Բայց հետո գնացի՝ համաշխարհային փորձը ուսումնասիրեցի, գտա: Պետք է պարզապես շատ արագ աշխատենք, որպեսզի ընկճախտը այդ մարդկանց չտանի ներքին պարփակման կամ թողնեն՝ երկրից գնան: Առանց այդ էլ՝ պիտանի հայերը 30-40 հազարի կարգի են»:

Արծրուն Պեպանյանի գնահատմամբ՝ եթե այսօր հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում միայնակ էլ մնա, չի կարող իր ապագան կազմակերպել, որովհետև, ըստ նրա՝ հայ ժողովրդի մեջ առկա են ինքնախժռող դեգրադացիոն երևույթներ.

«Իսկ եթե իր կողքին կա մի թշնամի, որն իրենից կազմակերպված է, ինքը ոչնչանալու է, սա ես չեմ ասել, Ստոլիպինն է 100 տարի առաջ ասել, որ եթե ժողովուրդը չունի ազգային գաղափարախոսություն, որ դրա շուրջ համախմբվի, ապա այլ ժողովուրդները այդ ժողովուրդներին որպես գոմաղբ են օգտագործում, որպեսզի իրենք աճեն»:

Նրա խոսքով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունից հետո չորրորդը չի լինելու, որովհետև ժողովուրդը դրա համար դեռ խակ է.

«Մեզ մի ուրիշ փուլ է պետք, ես դա անվանում եմ լուսավորյալ դիկտատուրա, որի միջով անցնելուց հետո կմտածենք՝ հանրապետությո՞ւն ենք գնում, թե՞ ուր ենք գնում: Լուսավորյալ դիկտատուրան ենթադրում է հանրության ապաքինում, որն անցյալի բերումով բավական շատ վատ հատկանիշներ է իր մեջ կուտակել, խրախուսել իր մեջ առկա դրական հատկանիշները և ստանալ մի ուրիշ ժողովուրդ, որը նման կլինի իր անցյալի լավագույն տարիներին և նաև այս աշխարհաքաղաքական մարտահրավերներին համահունչ ամրություն կունենա և կիմանա, թե ինչի համար է ապրում աշխարհում:

Դիկտատուրա է պետք, որովհետև մեր ժողովուրդը կարգուկանոնի սովոր չէ, շատ խստացված ռեժիմով պետք է բոլորին հարկադրել կարգուկանոնի ենթարկվել, իսկ դա առաջադիմական նպատակային է: Այլ պետություններում, որ ժողովուրդն ապրել է, սովորել է գողանալ, փախցնել, հարկեր չտալ, օրենքները խախտել: Նա պետք է դրվի շրջանակների մեջ: Իսկ լուսավորյալը, որ խավարի մեջ գտնվող մարդկային բազմությանը, որը կոչվում է հայ ժողովուրդ, պետք է վերածես ձիգ ազգի»:

Դիտարկմանը՝ գուցե Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այդ եզրահանգման, դրա համար է պողպատյա մանդատ խնդրել և մուրճով շրջում հանրապետությունում, նա արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանի դերը ուրիշ է՝ նա եկել է, որպեսզի հայ ժողովրդին հասկացնի, որ Արծրուն Պեպանյանի մոտեցումները ճիշտ էին, և իզուր էիք դուք 25 տարի հակադրվում իրեն: Ես կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ այս ընտրություններում ես եմ հաղթել: Ես ոչ մի դրամ չեմ ծախսել, բուկլետներ չեմ տպագրել, մարդկանց տները չեմ ընկել, կուսակցության անդամ չեմ, որևէ ցուցակում չկամ, նույնիսկ քարոզարշավի ժամանակ թողել-գնացել էի գյուղեր՝ հաջորդ գրքիս վրա էի աշխատում, և եկա՝ տեսա, որ 30-40 հազար համախոհ ունեմ արդեն, մարդիկ ասում են այն, ինչ ես եմ ասում 25 տարի: Հրա՛շք, այս մարդկանց հետ ես հիմա կսկսեմ աշխատել, այնպես որ՝ ինքը իմ ծրագիրն է իրականացրել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս