Բաժիններ՝

Բաթումիում ադրբեջանցիները մեզ մոտեցան ու ասացին՝ Ղարաբաղը մերն է, ես և երեք ընկերս վնասվածքներ ենք ստացել, դանակահարվել է մեկ ոստիկան. դեպքի մասնակից Ախալքալաքի բնակիչը մանրամասներ է պատմում

Վրաստանի Բաթումի քաղաքում Ախալքալաքի հայերի ու Բաքվից ժամանած թուրքերի միջև գրանցված ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել չորս հայ անչափահաս: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 12 ադրբեջանցիների ու 5 հայի միջև, վիրավորվել է նաև մեկ ոստիկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաթումում ծեծկռտուքի մասնակից Ա. Այվազյանը:

«Գնացել էինք Բաթումի, հինգ ընկերով առանձնացանք ու գնացինք լողափ: Մեզ մոտեցան թուրքեր, ներկայացան որպես Բաքվից ժամանած թուրք, հարցրեցին՝ ի՞նչ ազգից ենք, ասացինք՝ հայեր: Մեզ ասացին՝ լսեք, Ղարաբաղը մերն է, բնականաբար հակադարձեցինք ու ասացինք, որ չկա նման բան, Ղարաբաղը մերն է: Դրան հաջորդեց նրանցից մեկի հարվածը մեր ընկերոջը: Ես զանգեցի մեր խմբի մյուս անդամներին, որ մոտենան միջադեպի վայր, բայց այդ ընթացքում արդեն ինձ հարվածեցին, ականջիցս արյուն եկավ ու գնացին»,- ասաց Ա. Այվազյանը:

Այնուհետև միջադեպի մասնակիցը պատմեց, որ այդ ընթացքում նկատել են, որ իրենց ընկերներից Կարենը չկա: Ըստ նրա՝ ոստիկանության հետ սկսել են որոնել նրան և 15 րոպե անց հայտնաբերել են, ինչից հետո սկսել են որոնել ադրբեջանցիներին:

«Մեկ վրացի ինձ ասաց, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները: Գնացինք, նրանցից մեկին հարվածեցինք, մոտեցան այլ թուրքեր, սկսվեց ծեծկռտուք ու այդ ժամանակ Մարտուն Ուստյանին դանակահարեցին, որը հիմա հիվանդանոցում է, բայց մի քանի օրից կվերադառնա տուն: Չորս հոգի ենք վիրավորվել, որից երեքս՝ Գոման գյուղից: Մեկ ոստիկան ևս դանակահարվել է, դանակն էր բռնել, ձեռքը վնասվեց,- պատմեց Ա․ Այվազյանը:

Նա հայտնեց, որ միջադեպից հետո ոստիկանությունն իրենց ուղեկցել է ավտոմեքենա, որից հետո վերադարձել են: Այուհետև հարցաքննվել են ոստիկանությունում, այժմ սպասում են ընթացքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս