
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումները միավորվել են մեկ վարույթում․ նիստի օրը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժերի դիմումները կքննվեն մեկ վարույթում։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Սահմանադրական դատարանը մեկ վարույթում է միավորել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և «Հայոց Հայրենիք» կուսակցության դիմումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ դիմումները պետք է միավորվեն։
Նիստի օր է նշանակվել հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։
ՍԴ որոշման համաձայն՝ որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխանողներ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։