«Այս իշխանազավթները բանակը դարձրեցին սանատորիա, որից հետո սկսեցին քանդել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա». Գևորգ Գևորգյան

Մեղրիի ու Մեհրաբի զորամասերի հրամանատարներին պաշտոններից հեռացնելուց հետո, իշխանությունը պատրաստվում է պաշտոնանկ անել նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ թեմային նախօրեին անդրադարձել էր նաև 168.am-ը։

Արդեն տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Գրիգորի Խաչատուրովը, այսպես ասած, խանգարում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս Ալիևի հրահանգը՝ կապված Տավուշի հետ, իրականացնի, այդ պատճառով էլ որոշել է նրան պաշտոնից ազատել։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Արցախին ու Հայաստանին բանակ պետք չէ, քանի որ Արցախի հարցը լուծված է, և պատերազմն էլ ավարտվել է, հետևաբար՝ կարիք չկա բանակ ունենալու։

Պրոֆեսիոնալ կադրերին բանակից հեռացնելով՝ ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի՞ վտանգներ է պարունակում այս ամենը։

168.am-ի հետ զրույցում ռազմական գործիչ, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նշեց, որ Հայաստանը հաղթանակների հիմքի վրա ստեղծել էր հաղթանակած բանակ, որն ուներ մարտունակ, ազգային ոգի։

«Մեզ այսօր ոչ թե պրոֆեսիոնալ, այլ ազգային բանակ է հարկավոր։ Իշխանությունների կողմից ուղղակի մանիպուլյացիա է, երբ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, որովհետև հասարակության 90 տոկոսը չի էլ հասկանում, թե դրա տակ ինչ է թաքնված։ Պարզապես մտածում են, որ, եթե պրոֆեսիոնալ է, ուրեմն իմպրտներ, բոեվիկներ են լինելու՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանն այսօր ունի ոխերիմ թշնամիներ, որոնք հոխորտում են հայ ազգի բնաջնջման մասին։ Այսքանով հանդերձ, մենք չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ, քանի որ դա իրենից ենթադրում է հատուկ թվով ու քանակով զրահատեխնիկայով ու հնարավորություններով բանակ, որը գործելու է ուղղակի մեխանիզմի նման։ Մենք իրականում այս տարածաշրջանում գոյատևել ենք ու կարողացել ենք մեր երկիրը պահել ազգային բանակի ու ոգու ամրության շնորհիվ»,- նշեց Գևորգ Գևորգյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ այսօր Հայաստանն ապրում է այնպիսի օրեր, երբ մարդիկ նույնիսկ ուրախանում են, որ իրենց որդիները բանակում չեն ծառայում կամ ծառայության դեպքում էլ գոնե մեկ տարի կծառայեն, ու միամտաբար կարծում են, թե այսպես իրենք ավելի անվտանգ են լինելու։

«Այսօր փաստացի բոլորս տեսնում ենք, որ թշնամին մեկ ամսից ավելի է՝ խախտել է ՀՀ սահմանը, և նրանց այդ տարածքից հանելու համար ոչինչ չի արվում, այսինքն՝ մենք այսօր չունենք որևէ ազգային գաղափարախոսություն և ազգային դիմագիծ։ ՀՀ այսօրվա իշխանությունը, որն ավելի շուտ Ադրբեջանի գործադիր մարմինն է, գործի է դրել այն, ինչը ցանկանում են Ադրբեջանն ու Թուրքիան, նրանք թելադրում են, թե ինչ է իրենց պետք, սրանք գործի են դնում՝ մանիպուլյացնելով հայ ժողովրդին։ Մեր անվտանգությունը, պետականությունը, զինվորների անվտանգությունը կարելի է  պահել միայն ազգային բանակով։ Մենք նաև պետք է ունենանք ազգային պետություն, հակառակ դեպքում Հայաստանը՝ որպես պետություն, կորցնելու է ինքնիշխանությունը և ոչնչանալու է, սա է մեր ոխերիմ թշնամիների նպատակը, որին այսօր աջակցում է  ՀՀ իշխանությունը»,- շեշտեց նա։

Ըստ Գևորգ Գևորգյանի, Գրիգորի Խաչատուրովը և նրա նման սպաները, որոնք դեռ մնացել են հայկական բանակում՝ զարմանալի է, քանի որ երեք տարի շարունակ իշխանությունը ջանքեր է գործադրում ոչնչացնելու ամեն բան՝ եկեղեցին, բանակը, ազգային արժեքները և այսօր էլ շարունակում է նույն քայլերը։

«Այս իշխանազավթները բանակը դարձրեցին սանատորիա, որից հետո սկսեցին քանդել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա։ Միևնույն է, մեր ազգն ունի ոգի, որն ամենաանսպասելի ժամանակ արթնանալու է, այդպես պետք է այժմ լինի, որովհետև մենք այլ տարբերակ չունենք»,- եզրափակեց Գևրոգ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս