«Այսօրվա իշխանություններն ամբողջովին հուղարկավորել են Սահմանադրությունը՝ իր էությամբ հանդերձ». Վարդան Այվազյան

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Սահմանադրության օրը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մայր օրենքին ու վերջինիս փոփոխության անհրաժեշտությանը՝ շեշտեց՝ Սահմանադրությունը չի կարող բխել իշխանության նպատակահարմարությունից. հակառակ պարագայում՝ Սահմանադրությունը պետության համար դառնում է չարիք:

Սահմանադրագետի համոզմամբ՝ Սահմանադրությունն ընդունման օրից բազմիցս փոփոխվել է, և հաճախ այդ փոփոխությունները միտված են եղել ընթացիկ իշխանության հարմարավետությունը բարձրացնելուն, սակայն իշխանությունն ու հասարակությունը մեծամասամբ գաղափար չունեն Սահմանադրության էությունից.

«Սահմանադրությունը միայն տեքստով չէ. եթե իշխանությունները փոքր-ինչ հասկանում են պետության էությունից, ապա պետք է ունենային լեգիտիմ Սահմանադրություն, և դրան զուգահեռ՝ ողջ հասարակության մտածողությունը, արժեհամակարգը, ինքնագիտակցությունը պետք է բերվեր սահմանադրական մակարդակի:

Մենք ունենք Սահմանադրություն (անկախ իր հատկանիշներից՝ լա՞վն է, թե՞ վատը՝ մի կողմ դնենք) և ունենք իշխանություն և հասարակություն, որոնց 99.9 տոկոսը գաղափար չունեն Սահմանադրությունից. նկատի չունեմ դրույթներին ծանոթ լինել-չլինելը, այլ դրանց էությունը հասկանալը: Սա է մեր ամենամեծ խնդիրը և այսօրվա անմխիթար վիճակի պատճառը, որի մեջ հայտնվել ենք»:

Հարցին, թե գործող իշխանությունները որքանո՞վ են հարգում Սահմանադրությունը, Վարդան Այվազյանը պատասխանեց.

«Այսօրվա իշխանություններն ամբողջովին հուղարկավորել են Սահմանադրությունը՝ իր էությամբ հանդերձ: Եթե նախորդ իշխանությունները շարժվում էին իրենց հարմարեցված Սահմանադրությամբ և ասում էին՝ ամեն ինչ Սահմանադրության տիրույթում է, ապա այսօրվա իշխանություններն ուղղակի ոտնահարում են Սահմանադրությունը՝ ցույց տալով, որ իրենց համար ածանցյալ փաստաթուղթ է, և առաջնայինը քաղաքական իշխանության կամքն է. սա է պետության ամենամեծ դժբախտության պատճառը»:

Անդրադառնալով Մայր օրենքում փոփոխությունների անհրաժեշտության մասին շարունակ արծարծվող թեմային՝ սահմանադրագետը նշեց.

«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսում են բոլորը, բայց այդ բոլորը գաղափար չունեն Սահմանադրության էության մասին. Սահմանադրության բոլոր հոդվածներն անգիր իմանալ և վերարտադրել՝ դեռևս չի նշանակում՝ հասկանալ Սահմանադրության էությունը: Կարող են լինել շատ մարդիկ, որոնք ոչ միայն ՀՀ Սահմանադրությունն անգիր գիտեն, այլ մի քանի այլ երկրների, և իրենց կարճ խելքով առաջակում են փոփոխություններ, ինչ-որ երկրներից վերցված դրույթներ և այլն, բայց ոչ ոք Սահմանադրության էությունից գաղափար չունի:

Իսկ մեզ համար անհրաժեշտ է որակապես նոր Սահմանադրություն, այլ ոչ թե Սահմանադրական փոփոխություններ: Որակապես նոր Սահմանադրությանը զուգահեռ՝ պետք է դրան համապատասխանեցվի հասարակության մտածողությունը և ինքնագիտակցությունը՝ այսինքն՝ պետք է առնվազն ՀՀ նախագահի մակարդակով մշակվի և կյանքի կոչվի քաղաքացիական հասարակության կերտման համազգային ծրագիր, որովհետև եթե հասարակությունը չհասկացավ Սահմանադրության էությունը և հավատարիմ չեղավ սահմանադրական արժեհամակարգին, Սահմանադրությունն ընդամենը լինելու է թղթի կտոր և բառախաղ:

Բայց ես շատ վատատես եմ. հույս չունեմ, որ այսօրվա իշխանությունները նման քայլի ուզում են գնալ, քանզի մի քանի տարի առաջ ձևավորված Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի որակից արդեն պարզ էր, թե այս իշխանություններն ինչ Սահմանադրություն են ուզում ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս