«Անասնակերի խնդիր ենք ունենալու, մարդկանց մեծ մասը պատրաստվում է  անասունները վաճառել». Ներքին Խնձորեսկի գյուղապետ

Սյունիքի մարզում բնակիչներն անասնակերի խնդրի առջև են կանգնած, նրանց մի մասն այս ձմռանը չի կարողանալու պահել անասուններին, այդ պատճառով էլ որոշել է վաճառել։

Նույն խնդիրը կա նաև Ներքին Խնձորեսկ գյուղում, որտեղ եղած խնդիրներին գումարվել է նաև հուլիսի 4-ին տեղի ունեցած հրդեհը, որի ժամանակ 15 հա խոտածածկ տարածք է այրվել։

168.amի հետ զրույցում Ներքին Խնձորեսի գյուղապետ Երվանդ Մալունցն ասաց, որ հրդեհն արդեն հանգցրել են, չեն էլ թողել հրդեհը տարածվի սահմանից այն կողմ։

«Մեզ մոտ խոտհունձը նորմալ կազմակերպել ենք տեղի հրամանատարության հետ, եթե հարկ է լինում, ռուսները գալիս-կանգնում են, ժողովուրդը կարողանում է իր բերքը հավաքի։ Խոտհունձը գրեթե ավարտել ենք, մի քանի դաշտեր են մնացել, որ խոտը հնձենք ու կավարտենք»,- նշեց նա:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բնակիչներն այս ձմռանն անասնակերի խնդիր են ունենալու։

«Անասնակերի խնդիր ունենալու ենք, և մարդկանց մեծ մասը պատրաստվում է  անասունները վաճառել, եթե տարածք չկա, նախկինի նման չեն կարողանալու անասուների քանակը նույնությամբ պահել․․․»,- եզրափակեց Երվանդ Մալունցը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս