Ժնևի հայկական եկեղեցին ծխական նոր խորհուրդ է ընտրել
Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական Մայր Եկեղեցում տեղի ունեցած եկեղեցու տարեկան ընդհանուր ժողովը հուլիսի 7-ին ընտրել է ծխական խորհրդի նոր կազմը:
Տարեկան ընդհանուր ժողովն անցավ կառուցողական քննարկումների մթնոլորտում, համայնքի մաս կազմող և տարբեր ծագում ունեցող հայերով լեցուն սրահում: Շվեյցարիայի Առաջնորդական տեղապահ և Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալջանյանը և նորընտիր խորհրդի անդամները ընդգծեցին կորոնավիրուսային համաճարակի պատճառով եկեղեցու առաջ ծառացած խնդիրներին, ինչպես նաև վերջին ամիսներին Հայաստանի շուրջ ձևավորված բարդ իրավիճակին դիմակայելու համար համայնքի բոլոր անդամների միասնական ջանքերի համախմբման և համազգային միասնության անհրաժեշտությունը: Կանոնադրությանը համաձայն նորընտիր խորհրդի կազմից ընտրվեցին հետևյալ անձերը որպես`
– Ատենապետ` Օննիկ Գազանջյանը,
– Փոխատենապետ` Հայկ Հովհաննիսյանը,
– Գանձապահ` Առնո Սերաբյանը,
– Քարտուղար` Սիմա Փափազյանը:
Խորհրդի մյուս անդամներն են` Սարգիս Նարոյան, Հրաչ Յագան, Կորյուն Ալավերդյան, Հակոբ Գյուզելթաշճյան, Արաքսի Սահիլ-Միգիրդիչյան: Ժողովը փակվեց Տեղապահ Հայր Սուրբի պահպանիչ աղոթքով և օրհնության խոսքով: