Բաժիններ՝

«Ֆուտբոլային հանդիպումներ դիկտատորի համար». գերմանական պարբերականի անդրադարձը Եվրո-2020-ի Բաքվի խաղերին

«Ֆուտբալային հանդիպումներ դիկտատորի համար». այսպես է վերնագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Բաքվում կայացած խաղերի մասին իր վերլուծական անդրադարձը գերմանական ZDF-ի սյունակագիր Մարսել Մուրկհարդը:

«2020 թվականին պատերազմելով՝ այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ընկերասեր և հյուրընկալ պետություն, դրա հետ մեկտեղ, ավտորիտար պետության ղեկավարը փորձում է սպորտն օգտագործել որպես մի շոու»,- այսպես է սկսում իր հոդվածը Մուրկհարդը:

Վերջինս շեշտում է, որ այս սպանված զինվորների սաղավարտները որպես «մարգարիտներ» կախված են Բաքվում՝ որպես հազարավոր կյանքեր խլած Ադրբեջանի հաղթանակի վկայություն: Նախագահ Ալիևը բազմաթիվ անգամ Հայաստանի նկատմամբ տոնած հաղթանակը որակել է որպես «ատելության» հաղթանակ:

Վերլուծաբանի կարծիքով` Բաքվի մարզադաշտը քաղաքական հարթակ էր: Թեպետ ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ խստագույնս տարանջատում է քաղաքականությունն և սպորտը, սակայն դա Ալիևին չի հետաքրքրում:

Հոդվածում խոսվում է նաև Էրդողանի և Ալիևի «եղբայրության մասին»: Էրդողանը ներկա էր Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ուելսի և Թուրքիայի հավաքականների խաղին: Նրանք իրար համարում են «եղբայրներ»: Էրդողանը Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում իր աջակցություն էր հայտնում Ալիևին և խմբային փուլի մեկնարկից առաջ Ալիևի հետ այցելել է Շուշի քաղաք:

Մուրկհարդը գրում է, որ հաղորդումներ են տարածվում Ադրբեջանում գլխատումների և խոշտանգումների մասին` մեջբերելով «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդրադարձը, ըստ որի՝ Ադրբեջանի բանակը ռազմական հանցագործություններ է կատարել Ղարաբաղում, ինչպես նաև վատ վերաբերվել ռազմագերիներին և զինվորականների դիակներ պղծել: ՈՒԵՖԱ-ն այս դեպքում ավտորիտար պետության ձեռքի խաղալիք է: «Անկախ պատերազմից՝ Բաքուն երբեք չպետք է դառնա նման միջոցառման անցկացման վայր: Թվում է, թե ՈՒԵՖԱ-ն չունի բարոյական կողմնորոշում: Նման որոշումներ կայացնող կառույցները անթափանց են գործում և հակված են կոռուպցիայի»,- մեջբերում է հոդվածագիրը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրանկ Շվաբեի խոսքերը:

Ըստ սյունակագրի՝ Ադրբեջանը միլիոններ է տալիս ՈՒԵՖԱ-ին: Փաստ է այն, որ ադրբեջանական «Սոկար» ընկերությունը միլիոնավոր դոլարի հովանավորչություն է կատարել, սակայն ՈՒԵՖԱ-ն չի խոսում այս մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս