
Իրանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին մեղադրել է իրանցի ժողովրդի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության» համար

ԱՄՆ-ի բռնությունն ընդդեմ իրանցի ժողովրդի դեռևս շարունակվում է և այժմ կրում է «տնտեսական ահաբեկչության» բնույթ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հիշելով 1988-ին Միացյալ Նահանգների կողմից իրանական ավիաուղիների քաղաքացիական ինքնաթիռի խոցումը:
«33 տարի առաջ՝ այս օրը, Միացյալ Նահանգները խոցեց #IranAir655-ը՝ սպանելով ինքնաթիռում գտնվող բոլոր 290 խաղաղ բնակիչներին: Որպես երիտասարդ դիվանագետ՝ ես ականատես եղա, թե ինչպես ԱՄՆ-ն հրաժարվեց ներողություն խնդրել մարդկային այս ողբերգության համար: Իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի բռնությունները սկսվել են շատ վաղուց և շարունակվում են այսօր՝ մեր ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչության տեսքով», – գրել է իրանական դիվանագիտության ղեկավարը:
Հիշեցնենք, որ 1988-ի հուլիսի 3-ին ամերիկյան հրթիռային նավարկիչ «Վինչսենես»-ը, որը գտնվում էր Իրանի տարածքային ջրերում, երկու հրթիռ է արձակել Iran Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի ուղղությամբ: Զոհվել է 290 մարդ, այդ թվում՝ 65 երեխա: