Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում․ Արմեն Մուրադյանը պատասխանել է Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումով պատասխանել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին․ Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը.
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ:
Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին բազմիցս առաջարկվել է թե՛ Հերացի և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: