Մեզ համար միևնույն չէ`ումից ենք սովորելու. Բժիշկ-օրդինատորների բաց նամակը
ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորները բաց նամակ են գրել համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին.
«Հարգելի՛ պարոն Մուրադյան անխոս, Զինվորի տունը պարծանք է, ազգային արժեք , լավագույնը։ Բայց պետք չէ այս ամենը ասել ի հակադրումն անհատի, ում ևս այս ածականներով են բնորոշում ։ Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ Արտավազդ Բագրատիչին կանգնեցրել եք փաստի առաջ և հիմա հայտարարում եք , որ Արտավազդ Բագրատիչը աշխատել է և աշխատելու է Ձեր ղեկավարությամբ ։ Վերոնշյալ քայլով պարտադրում եք Արտավազդ Բագրատիչին տրամաբանական հրաժարական ամբիոնի աշխատանքից ։ Խնդրում ենք վերանայել որոշումը, մեզ համար միևնույն չէ` ումից ենք սովորելու ։
Մենք գիտակցում ենք , որ Արտավազդ Բագրատիչի այժմյան պայքարը ավելի շատ աշխատակիցների համար է, և ամբիոնի կլինիկական օրդինատորներս հայտարարում ենք , որ Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է մեր դասադուլը / այն է` հրաժարվել հերթապահելուց / ։
Եթե անգամ այս պայմաններում բժիշկները ցանկանան աշխատել , ամբիոնի աշխատանքը խաթարված է լինելու ։ Համալսարանին տարեկան 29․750․000 դրամ ուսման վարձ վճարող 35 կլինիկական օրդինատորներս առաջարկում ենք Ձեզ հետաձգել Աբովյան 58 հասցեում գտնվող մասնաշենքի վերանորոգումը, մինչ ամբիոնին կհանձնվի բոլոր աշխատակիցներին բավարար պայմաններ ապահովող աշխատատեղ։
Թշնամին սահմանին է․ սա այն բաժանմունքն է , որի աշխատանքի շնորհիվ պատերազմի օրերին ՀԹ1ԿՀ տեղափոխված հարյուրավոր զինվորների 99 % -ի վերջույթները փրկվել են , սա նվիրվածության և որակի մեծ ցուցանիշ է։ Արտավազդ Բագրատիչը երիտասարդ վիրաբույժներիս համար փայլուն օրինակ է և վստահ ենք՝ դուք էլ համամիտ եք, որ անձնվեր աշխատանքով որակի չափանիշ դարձած վիրաբույժը իրավունք է վաստակել աշխատել արժանի պայմաններում ։
Հարգանքով` Ձեր բժիշկ- օրդինատորներ»։
Ավելի վաղ Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը`Աբովյան 58 հասցեում:
Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք:
Ի գործ»։