«Զարթոնքը» ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների հնարավոր խախտման հիմքով դիմել է ՍԴ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հուլիսի 2-ին ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին է հանձնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը դիմումի մասին մանրամասներ է հայտնել:

«Դիմումի համաձայն՝ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա»,-տեղեկացրել է Զոհրաբյանը:

Նա նաև նշել է, որ ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ՝

1.ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.

2. ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը.

3. ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին.

4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. հունիսի 20-ին որ ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքան ժամանակով և ինչ պատճառներով.

Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ինչ միջոցներ են ձեռնարկվել, քանի քրեական գործ է հարուցվել, որ հոդվածի հատկանիշներով:

 

Տեսանյութեր

Լրահոս