ՍԴ ենք ներկայացրել 109 ընտրատեղամասի 88.000 ձայնի վերաբերյալ մեր վերլուծությունը. Վարդևանյան
Այսօր «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021թ. հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց՝ վիճարկել են ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի ընդունած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը:
«ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛, այսպես կոչված, քանակական խախտումների իմաստով (դա, կարելի է ասել, ընտրական տեղամասերում առկա տվյալներն են, որոնք մենք ներկայացրել ենք, այսինքն բուն քվեարկության օրվա վերաբերյալ խնդիրները), ինչպես նաև որակական իմաստով: Սա արդեն վերաբերելու է այն խումբ հարցերին, որոնք մենք ներկայացնելու ենք սկսած մայիսի 10-ից՝ կարող ենք ելակետը դա վերցնել, կամ մի քիչ նույնիսկ ավելի հետ գնալ դեպի ապրիլի 25»,- ասաց Արամ Վարդևանյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՍԴ ներկայացված դիմումը 12 կետից է բաղկացած՝ անհրաժեշտ փաստաթղթերով ու կրիչներով:
«Մենք ներկայացրել ենք 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որը, ըստ էության, վերաբերում է շուրջ 88.000 ձայնի, որոնցից 4000 ձայնի մասով (կրկին՝ փոքր-ինչ կլորացնելով եմ թվերն ասում), մենք տեսել ենք, որ ընտրական տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ: Այսինքն, պատկերացրեք՝ նժարի վրա դրված է 88.000 քվե, բայց պարզվում է, որ 88.000-ից 4000-ը բացակայում է…
Մոտ 30-40 ընտրական տեղամասերի ուսումնասիրությունների արդյունքում գտել ենք իրավիճակներ, երբ, պատկերացրեք, դուք գնացել եք ընտրության, ձեր առջև դրված է համապատասխան մատյանը՝ իր էջերով, և դուք մոտենում եք, ձեր անուն-ազգանվան մոտ ստորագրում եք, չէ՞: Հիմա պատկերացրեք, եթե այդ մատյանի էջից մի քանի հատ լինի, նույնից մի քանի անգամ տպված»,- ասաց Վարդևանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում