Բաժիններ՝

«Այս տարվա հունիսն օդերևութաբանության պատմության մեջ ջերմաստճանի առավելագույն ցուցանիշներով դարձավ ամենատաքը». Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի եղանակակլիմայական պայմանները ձևավորվում են արևադարձային լայնություններից, մասնավորապես՝ Իրանից, Իրաքից ներթափանցած արևադարձային տաք հոսանքները: Ըստ օրինաչափության՝ դրանց բուռն ներհոսքը սկսվում է հուլիսից։

«Սակայն այս տարի այդ օդային զանգվածները մեր երկիր սկսեցին ներթափանցել հունիսի առաջին տասնօրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այդ գործընթացը շատ ավելի սրվեց։ Արդյունքում՝ ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-29-ն ընդած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերին Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, առավելագույն ջերմաստիճանը գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։ Իսկ հունիսի 23-25-ն Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41,2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը՝ 39,4 աստիճանը։ Այսինքն՝ ստացվեց, որ այս տարվա հունիսն օդերևութաբանության պատմության մեջ միջին ջերմաստիճանով, շոգերի տևողությամբ, ջերմաստճանի առավելագույն ցուցանիշներով՝ դարձավ ամենատաքը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է տեղումներին, ապա, ըստ Գագիկ Սուրենյանի՝ 2000 թվականից հետո եղել է աննախադեպ պատկեր՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկի, Արարատի մարզի Արտաշատ-Ուրցաձոր հատվածներում և Երևանի առանձին հատվածներում առհասարակ տեղումներ չեն գրանցվել։ Իսկ մյուս շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Շիրակում, եղել է տեղումների ամսական նորմայի ընդամենը 30-40 տոկոսը։

«2000 թվականից սկսած հանրապետությունում տաք օդի ալիքների ներթափանցման պրոցեսի կրկնելիությունը մեծացել է, բայց պրոցեսը սրվել է 2010 թվականից հետո, և մինչև այսօր մենք գրեթե չենք ունեցել որևէ տարի, որ օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում չբարձրանա 40-41 աստիճան։ Իսկ մինչև 2000 թվականը 40 աստիճան  ջերմաստիճան Երևանում և Արարատյան դաշտում դիտվել է 5 տարին մեկ կամ երկու անգամ»,- հավելեց Գագիկ Սուրենյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս