Լոս Անջելեսում «Թումո» կենտրոն կբացվի
Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին «Թումո» կենտրոնը։ Ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար` այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը։
«Բացի այս, 1 միլիոն դոլար կտրամադրվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտին, ևս 1 միլիոն դոլար՝ Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական կրթություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ապացուցում են իրենց ձգտումն ու արդյունավետությունը մեր երիտասարդներին կրթելու և նրանց ապագային միտված ներդրումներ կատարելու հարցում։ Լինի դա արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիա, այս երեք կազմակերպություններն էլ ցույց են տվել, որ օգնում են մեր ուսանողներին հաջողության հասնել ու զգալիորեն զարգացնում և ընդլայնում են երիտասարդ սերունդների կրթական, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը», – ասել է Անդրին Նազարյանը:
Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող «Թումո» կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։