
Սորոսի հիմնադրամը սկսել է բիթքոինով առևտուր անել

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի Soros Fund Management ներդրումային ֆոնդը սկսել է բիթքոին թվային արժույթով առևտուր անել, գրում է EurAsia Daily-ն` The Street ֆինանսական նորությունների կայքին հղումով:
Հրապարակման համաձայն, բիթքոինների և այլ թվային արժույթների առևտրի թույլտվություն է տվել Soros Fund Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն Դոն Ֆիցպատրիկը: The Street-ի աղբյուրները պնդում են, որ Ֆիցպատրիկը և նրա թիմը որոշ ժամանակ ուսումնասիրել են թվային ակտիվները մինչև առևտուրը սկսելը:
Բացի այդ, հայտնի է դարձել այն բանակցությունների մասին, որոնք վարում է Soros Fund Management-ի տնօրենը խոշոր բլոկչեյն ընկերություններում ներդրումներ կատարելու համար: Ֆիցպատրիկը մարտին պնդել էր, որ կրիպտոարժույթը գտնվում է «շրջադարձային կետում»: Նրա խոսքով, սա Soros Fund Management-ին ստիպում է ներդրումներ կատարել թվային ենթակառուցվածքներում: