Կադրային գիլիոտին՝ Քննչական կոմիտեում
Վերջին օրերին չեն դադարում ՀՀ Քննչական կոմիտեում կադրային գիլիոտինի վերաբերյալ խոսակցությունները: Դրանց առանցքում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն է, ում աշխատանքից ազատվելու հարցը, ըստ համակարգում տարածված լուրերի, արդեն որոշված է:
Հայկ Գրիգորյանին, մամուլի հրապարակումների համաձայն, կփոխարինի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Քննչական կոմիտեի համակարգում քննարկում են նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հնարավոր պաշտոնանկության լուրը:
Վերջինս, հիշեցնենք, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետն էր, ով հայտնի պատանդառության գործով գործուն մասնակցություն ունենալով պատանդին մանկապարտեզի շենքից ազատ արձակելու հարցում՝ կարճ ժամանակ անց տեղափոխվեց Քննչական կոմիտե:
Նրա փոխարեն ՔԿ նախագահի տեղակալ կնշանակվի Ռաֆայել Մանուկյանը, ով ներկայումս Կենտրոնի դատախազի տեղակալն է, նախկինում քննիչ է եղել, աշխատել է Արաբկիրի քննչական բաժնում:
ՔԿ նախագահի մեկ այլ տեղակալի՝ Արթուր Մելիքյանին կփոխարինի ՔԿ վարչության պետերից մեկը: Հիշեցնենք, որ Արթուր Մելիքյանը նաև ՀԿԳ վարչության պետն է:
Աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՔԿ Էրեբունու բաժնի պետ Ներսիկ Մխիթարյանը, Ճանապարհային ոստիկանության քննչականի պետ Արտաշես Վանյանը, ով նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալն է:
Մեր տեղեկություններով՝ քննիչի աշխատանքին հրաժեշտ կտա նաև ՔԿ Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը, ում հայրը ժամանակին հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ:
Ուշագրավ է, որ վերը բերված աշխատանքից ազատվելու դիմումները ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը չի ստորագրում: Համակարգում ասում են, որ վերջինս չի ցանկանում հրաժեշտից առաջ աշխատակիցների մոտ վատ հիշողություն թողնել, սպասում է՝ այդ դիմումներն իրենից հետո եկողները ստորագրեն: