Մենք մտածում ենք՝ աշխարհն ընկել է հայերի հետևից, ուզում է վերացնել պատվաստանյութի միջոցո՞վ. աբսուրդ է. Հանրային առողջության մասնագետը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց խուսափելու մասին

Բժիշկները զարմացած են ու զայրացած: Ասում են՝ զբոսաշրջիկները, ՀՀ-ում ապրող օտարազգիներն անվճար պատվաստվում են Հայաստանում, իսկ հայերը, որոնք հարկ են վճարում, պետությունը պատվաստանյութ է ձեռք բերում՝ խուսափում են:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ցավով է նշում՝ Հայաստանում պատվաստվել չցանկացող քաղաքացիները կազմում են 71 տոկոս, իսկ աշխարհում՝ 25-30 տոկոս է:

«Սա շատ խորքային հարց է: Խնդիրն առողջապահական գրագիտության մեջ է: Պետք է փորձենք հասկանալ, թե մարդիկ ինչո՞ւ չեն պատվաստվում. ինֆորմացիայի, վստահության պակա՞ս կա, թե՞ գիտելիքի, ու փորձենք հարցերին պատասխանել: Ամբողջ աշխարհում 3 միլիարդ մարդ արդեն պատվաստվել է: Չպատվաստված մարդը հիվանդության աղբյուր է մյուսների համար: Հանրային շահից ելնելով՝ երևի թե պետք է փափուկ ուժ կիրառենք»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Խոսելով բարձր հակամարմինների, արյան մակարդելիությունը նախապես ստուգելու մասին՝ նկատեց.

«Որևէ ցուցում կամ հակացուցում չկա, որ եթե դու ունես հակամարմիններ՝ չպետք է պատվաստվես կամ պատվաստվես: Ավելին, եթե ունես հակամարմիններ և պատվաստվում ես, որպես կանոն, քո հակամարմիններն ավելի շատ են բարձրանում: Խոսքը 100.000-ավոր մարդկանց մասին է, և որևէ երկիր աշխարհում չի կարող կազմակերպել, որ շաբաթը մեկ կամ ամիսը մեկ հակամարմին հանձնեն, որպեսզի հասկանան, թե ինչ եղավ, ինչպես փոխվեց հակամարմինների մակարդակը ու ըստ դրա՝ որոշեն պատվաստվել: Իսկ դա կարող է քաոսային իրավիճակի հանգեցնել: Ինչ վերաբերում է արյան մակարդելիությանը՝ հնարավոր է՝ հակամակարդիչ տան, բայց մարդու մոտ առաջանա թրոմբ: Շատ հազվադեպ նման երևույթ գրանցվում է: Հետևաբար՝ հակամակարդիչներ խմելու անհրաժեշտություն չկա: Կողմնակի բարդությունը հանդիպում է մի քանի տասնյակ միլիոն պատվաստումից մեկ: Տեսեք, որ նստում եք ինքնաթիռ, մինչև դա չեք գնում կտակ գրում, աղոթում, մեղքերի թողություն ստանում: Թռնում ու բարեհաջող տեղ եք հասնում, չէ՞: Նույնն էլ այս դեպքում է. անվտանգ է, գնում, պատվաստվում ենք, բայց շատ հազվադեպ կարող է ինչ-որ բարդություն գրանցվել»:

Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծեց՝ գլոբալ առումով կիրառվող բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են և անվտանգ:

«Մենք՝ հայերս, սիրում ենք համեմատվել այլ ազգերի՝ օրինակ՝ հրեաների հետ: Մտածում եք՝ հրեաներն ուզում են ինքնաոչնչանա՞լ: Սա աբսուրդ է: Ընդհակառակը, նրանք ուզում են շատանալ, անվտանգ ապրել ու ավելի ուժեղանալ և ընտրել են պատվաստվելու ճանապարհը: Արդեն այնտեղ 60 տոկոսից ավելին պատվաստվել է, վարակվելու դեպքերի թիվը կտրուկ նվազել է, մահերը՝ նույնպես: Մենք մտածում ենք՝ աշխարհն ընկել է հայերի հետևից, ուզում է վերացնել պատվաստանյութի միջոցո՞վ: Աբսուրդ: Ադրբեջանում մեկ օրում պատվաստվում է այնքան մարդ, ինչքան Հայաստանում՝ մեկ ամսում: Մտածում եք՝ ադրբեջանցիներն ուզում են չիպավորվել, նոր վերանա՞լ: Ծիծաղելի է»,- ասաց Հանրային առողջության մասնագետը:

Իսկ թե ինչքան կտևի պատվաստանյութերից ստացած իմունիտետը, Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց՝ դեռևս հստակ չէ:

«Մի քիչ ժամանակ պետք է անցնի, որպեսզի գիտականները հասկանան՝ պատվաստանյութերի հետևանքով առաջացած այդ արհեստական իմունիտետը որքան է ազդում, 6 ամի՞ս, 1 տարի՞, թե՞ 2: Կարող է այնպես ստացվել, որ, օրինակ, 1 տարի է ազդում, որից հետո պետք լինի 1, ոչ թե 2 ներարկում ստանալ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս