«Պետք է կազմալուծել և թույլ չտալ, որ պատերազմը տանուլ տված մարդիկ մոտենան ԱԺ ամբիոնին». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացարձակ անընդունելի են իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ ընտրությունների ժամանակ այս կամ այն ուժին սատարած համայնքապետերը պետք է հեռանան։
Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ կադրային ջարդ է լինելու, Նաիրա Զոհրաբյանը նկատեց.
«Բացարձակ անբարո էր, այսինքն՝ կադրային ջարդ ինչի՞ համար է լինելու, որ այս կամ այն համայնքապետերը հրաժարվում են կատարել իշխանության պահանջը՝ քվեներ ապահովելու հարցում։ Ես սա բացարձակ անընդունելի եմ համարում։ Կրկնում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ ընդդիմություն ենք ունենալու խորհրդարանում և խորհրդարանից դուրս»։
Ըստ պատգամավորի, եթե լինի ընդդիմություն, որը ոչ թե իր փոքր շահի սպասարկման նպատակ է հետապնդում, այլ գիտակցում է երկրի առջև ծառացած մարտահրավերները և ակտիվորեն կհամագործակցի արտախորհրդարանական ընդդիմության հետ, ապա այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել համարժեք օրակարգ, որտեղ սեղանին դրված կլինեն երկրի անվտանգային խնդիրները։ Իսկ եթե ընդդիմությունը վերցնի մանդատները և բավարարվի միայն դրանով, ապա ստեղծված ճահիճը երկար է տևելու։
Թե ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» բավարար ձայներ չհավաքեց ու խորհրդարան չանցավ՝ հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ մասին այլևս չի խոսի, սակայն փաստ է, որ ԲՀԿ-ի հետ երկար ճանապարհ է անցել, եղել է կուսակցության հիմնադիրներից։
«Այո, խնդիրներ եղել են՝ օբյեկտիվության հետ կապված։ Ինձ համար անակնկալ էր, որ ԲՀԿ-ն 5 տոկոսի շեմը չհաղթահարեց, որովհետև ես կարծում էի, որ այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամով կատարվել է, պիտի բավարար լիներ առնվազն նվազագույն շեմը հաղթահարելու համար։ Կարծում եմ՝ ԲՀԿ-ն ժամանակ կունենա քննարկելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, բացթողումները, եթե իրենց կարծիքով՝ այդպիսիք եղել են։ Ես այնտեղ ունեմ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվում է»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարան անցած ընդդիմությանը և հայտարարություններին, որ լինելու են արմատական ընդդիմություն, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ՝ այո՛, պետք է գրավել ԱԺ-ի ամբիոնը։
«Պետք է կազմալուծել և թույլ չտալ, որ պատերազմից ու Արցախի հանձնումից հետո այս դահլիճում, օրինակ, քննարկեն ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի նախագծեր։ Ես կրկնում եմ՝ պատերամից հետո ասում էի, որ այս դահլիճը պետք է կազմալուծեին և թույլ չտային, որ պատերազմը տանուլ տված մարդիկ մոտենային ամբիոնին»,- եզրափակեց նա։