Չինաստանը հասել է հարյուրամյակի առաջին նպատակին և կառուցել է միջին ունևորության հասարակություն. Սի Ծինպին
ՉԺՀ-ն հաջողությամբ հասել է բացարձակ աղքատության վերացման եւ միջին ունեւորության հասարակության կառուցման՝ հարյուրամյակի առաջին նպատակին: Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը։
«Մենք հասել ենք հարյուրամյակի առաջին նպատակին եւ բոլոր տեսակետներից միջին ունեւորության հասարակություն ենք կառուցել Չինաստանում»,- ասել է նա Տյանանմենի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ:
«Դա նշանակում է, որ մենք լուծել ենք Չինաստանում բացարձակ աղքատության վերացման խնդիրը: Եվ այժմ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի հարյուրամյակի մեր երկրորդ նպատակը՝ Չինաստանի՝ մեծ, բոլոր առումներով արդի սոցիալիստական պետության վերածման նպատակը»,- նշել է պետւթյան ղեկավարը:
Չինական գաղափարախոսության համաձայն՝ «երկու հարյուրամյակների» նպատակներն են «սյաոկան» (միջին ունեւորության) հասարակության կառուցումը 2021 թվականին Չինաստանի Կոմկուսի 100-ամյակի առթիվ, ինչպես նաեւ Չինաստանի վերածումն «ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ եւ արդի սոցիալիստական պետության» 2049 թվականին ՉԺՀ-ի հիմնադրման հարյուրամյա տարեդարձի առթիվ: