ՆԱՏՕ-ն մտադիր չէ հեռանալ Սև ծովից
Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում եւ կամրապնդի համագործակցությունն այս տարածաշրջանի իր գործընկերների հետ։
Ինչպես հունիսի 30-ին Ապատուրայը հայտարարել է վրացական Առաջին ալիքով, մեկնաբանելով հունիսի 23-ին Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը բրիտանական Defender Էսկադրային ականակրի մասնակցությամբ, Միացյալ Թագավորությունը դաշինքին տեղեկատվություն է տրամադրել միջադեպի վերաբերյալ եւ ՆԱՏՕ-ին հայտնի է տեղի ունեցածի ամբողջ նկարագիրը:
«ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի, երբ գործը վերաբերում է նավագնացության ազատությանը եւ այն փաստին, որ Ղրիմն Ուկրաինա է, այլ ոչ թե Ռուսաստան: Այդ միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռականություն են դրսեւորել իմ կողմից թվարկված սկզբունքների պաշտպանության հարցում»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ այդ հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն նահանջի: «Ինչպես գիտեմ՝ Defender-ը հետո ժամանել է Վրաստան: Այնպես որ դաշնակիցների այդ համատեղ պարտավորությունը կապահովի Սեւ ծովի անվտանգությունը եւ նվիրվածությունն այդ սկզբունքներին, ինչը կարեւոր է այդ տարածաշրջանի համար»,-նշել է Ապատուրայը:
Դրա հետ մեկտեղ նա Ռուսաստանին մեղադրել է «տարածաշրջանի ապակայունացումը շարունակելու» մեջ:
Նրա հայտարարության համաձայն, «Ռուսաստանը սպառազինություն է տեղաբաշխում Ղրիմում, ներառյալ հրթիռային համակարգեր, ինչը բարդացնում է նավագնացության ազատությունը»:
Ապատուրայն այդ առնչությամբ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում՝ դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ հարցերից մեկը, որն ինքը մտադիր է Վրաստանում քննարկել Սեւ ծովի անվտանգության վերաբերյալ, դա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության խորացումն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: