Կեղծ տեղեկություն՝ երեխայի հայրության վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղվարդ քաղաքի 45-ամյա բնակչի և Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհու կողմից վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհին, լինելով հղի, ելնելով սոցիալական, ընտանեկան և ֆինանսական պայմաններից, որոշել է ծննդաբերությունից հետո հրաժարվել երեխայի նկատմամբ իրավունքներից՝ նրան թողնելով պետության հոգածությանը: Կնոջ գործատուն, տեղեկանալով այս որոշման մասին, միաժամանակ տեղյակ լինելով, որ իր ծանոթները երկար տարիների չեն կարողանում երեխա ունենալ, 19-ամյա կնոջն առաջարկել է պետության հոգածությանը թողնելու փոխարեն երեխային փոխանցել իր ծանոթներին, ինչին կինը համաձայնել է:
Երեխայի ծննդյան հաջորդ օրը՝ 2020թ. նոյեմբերի 24-ին, երեխայի խնամքը ստանձնողին՝ 45-ամյա տղամարդուն հանձնելու նպատակով վերջինս և 19-ամյա կինը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղվարդի տարածքային ստորաբաժանում են ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և նախազգուշացված լինելով նշված մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ 45-ամյա տղամարդը չի հանդիսանում նշված երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի կենսաբանական հայրը: Դիմումի հիման վրա՝ նույն օրը 45-ամյա տղամարդը երեխայի նկատմամբ ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրությունը ճանաչելու մասին, ինչպես նաև երեխայի ծննդյան պետական վկայականները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: