Եգիպտոսում զբոսաշրջիկներին նախազգուշացրել են էքստրեմալ տապի մասին
Եգիպտոսի իշխանությունները նախազգուշացնում են էքստրեմալ տապի մասին, Խուգադայում ցերեկային ջերմաստիճանը ստվերում հասնում է 38 աստիճանի, իսկ Շարմ Էշ Շեյխում՝ մինչեւ 40-ի: Այդ մասին հաղորդել է TourDom.ru-ն։
Հյուրանոցներում հանգստացողներին հիշեցնում են, որ բաց արեւի տակ երկարատեւ մնալը վտանգավոր է: Եգիպտոսի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, հիվանդանոցները պատրաստ են ընդունել արեւահարված հիվանդներին եւ պարտավոր են անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել «հյուծության կամ ջերմային սթրեսի» ցանկացած ախտանշանի դեպքում: Սակայն, չնայած էքստրեմալ եղանակին, հյուրերը շարունակում են մեկնել էքսկուրսիաների, այդ թվում՝ Լուքսոր: Մեծ տարածում ունեն ծովային զբոսանքները:
Այժմ տարբեր երկրներից տուրիստական խմբեր են ժամանում Եգիպտոս: Մասնավորապես, Ռուսաստանից միայն կիրակի օրը՝ հունիսի 27-ին, Կահիրեի օդանավակայան են ժամանել 1600-ից ավելի հանգստացողներ: Հունիսի 28-ին Եգիպտոս է ժամանել ռուսական հեռուստատեսության նկարահանող խումբը: Տեղի աղբյուրների տեղեկատվությամբ, լրագրողների համար պլանավորված է բազմօրյա շրջագայություն երկրում: Ըստ ծրագրի, այցելություն է նախատեսված Լուքսորի եւ Ասուանի հնագիտական օբյեկտներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: