Բաժիններ՝

Կրթություն մարդու, ոչ թե մեքենայի համար

Համապետական բոլոր ընտրություններից հետո Հայաստանում խոսվում է կրթության համակարգը վերափոխելու կարևորության մասին։ «Կրթությունից պիտի սկսենք»,- արձանագրում են շատերը։ Արձանագրենք, որ այս անգամ էլ նախընտրական ծրագրերում կրթությանը վերաբերող հատվածը վերջին էջերում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն էլ ընտրություններից հետո խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում նշել է, որ հասարակությունը մեծ սպասելիքներ ունի կրթությունից։

Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ կրթության մասին խոսում ենք ցանկությունների, կենացների մակարդակով։ Բայց կրթությունը չի կարող բարի ցանկություններով բարեփոխվել։ Անհրաժեշտ են պրոֆեսիոնալ լուծումներ։ Հայաստանի կրթությանը հասցված ամենամեծ վնասներից մեկն այն է, որ կրթությունով զբաղվել են մարդիկ, որոնց մեծ մասը կրթության մասնագետ չեն։ Դպրոց ու համալսարան ավարտելը, դասավանդելը բավարար չեն կրթության կառավարումով զբաղվելու համար։

Այդ ամենից զատ, անհրաժեշտ են փիլիսոփայական, սոցիոլոգիական, հոգեբանական, վարքագծային, տնտեսագիտական, կառավարչական հարուստ գիտելիքներ ու հմտություններ։ Ու հիմա մեր բարի ցանկությունները կրթության վերաբերյալ չեն կարող իրականանալ, քանի որ չենք ձևավորել մասնագիտական թիմեր, որոնք ի վիճակի են բեկում մտցնել կրթության ոլորտում։ Կրթությունը եղել և շարունակում է մնալ՝ որպես աշխատանքի տեղավորման բյուրո, որում պրոֆեսիոնալիզմն ավելի ցածր արժեք ունի, քանի անձնական կապերը։

Քանի որ այս օրերին կա կրթության ոլորտում բեկում մտցնելու հանրային պահանջ, ներկայացնենք 2 խնդիր, որոնցից պետք է սկսել։

Առաջին խնդիրն այն է, որ գործող կրթական համակարգը թաքցնում է խնդիրները։ Չենք կարող կրթության ոլորտում ունենալ բեկում, քանի դեռ դպրոցի տնօրենը գովում է իր դպրոցը, ռեկտորը փառաբանում է իր համալսարանը, կրթության կառավարման մարմինները շարունակաբար մեզ մատուցում են լավ նորություններ։ Բոլորը խոսում են իրենց ձեռքբերումներից։ Ոչ ոք բարձրաձայն չի խոսում իր թերություններից։ Ոչ ոք չի ասում, որ ինքը պատասխանատու է Հայաստանի ձախողումների համար։ Եթե սեղանի վրա չենք դնում մեր խնդիրները, ինչպե՞ս է հնարավոր կրթության զարգացումը։ Ուրեմն, առաջին քայլով պետք է երկրում ստեղծել ապահով միջավայր, որպեսզի մարդիկ չվախենան խոսել խնդիրների, սեփական թերացումների մասին։

Մեր կրթական համակարգի երկրորդ խնդիրն այն է, որ մենք շարունակում ենք երեխային, ուսուցչին, դասախոսին դիտել՝ որպես մեքենա։ Քանի որ երեխան մեքենա է, ապա մտածում ենք, որ, եթե նա 10 տարվա փոխարեն 12 տարի դպրոց գնա, ապա կունենանք ավելի լավ արդյունք։ Իրոք, եթե մեքենան 10 տարվա փոխարեն՝ 12 տարի աշխատի, ապա ավելի շատ շահույթ կստանանք։ Ցավոք, երեխան մեքենա չէ։ Նույն ձևով մտածում ենք, որ եթե ուսուցիչը 18 ժամի փոխարեն՝ 22 ժամ պարապի, ապա նա ավելի շատ արժեք կստեղծի և բարձր աշխատավարձ կստանա։

Շատ հայտնի մի պատմություն կա։ Աշակերտը գնում է իմաստունի մոտ և հարցնում, որ եթե օրական 4 ժամ մեդիտացիա անի, քանի՞ տարում կհասնի գիտակցության բարձր մակարդակի։ Իմաստունը պատասխանում է, որ կպահանջվի 10 տարի։

  • Իսկ օրական 8 ժամ մեդիտացիայով զբաղվելու դեպքում քանի՞ տարում հնարավոր կլինի հասնել գիտակցության բարձր մակարդակի,- հարցնում է աշակերտը։
  • Այդ դեպքում կպահանջվի 20 տարի,- պատասխանում է իմաստունը։
  • Եթե կրկնակի շատ եմ մեդիտացիա անում, ինչո՞ւ եմ ավելի ուշ հասնում իմ նպատակին,- զարմանում է աշակերտը։
  • Եթե դու օրական 8 ժամ մեդիտացիայով զբաղվես, կյանքի այլ կարևոր բաներից քեզ կզրկես։ Արդյունքում, ավելի դժվար կլինի հաջողության հասնելը,- եզրափակում է ուսուցիչը։

Այս պատմությունը պետք է լինի մեր կրթական համակարգի փոփոխության հիմքը։ Մենք անընդհատ ավելացնում ենք, գումարում։ Մինչդեռ հանելը, բեռնաթափելը նույնպես արժեքավոր է։ Բազմաթիվ մարդիկ նշում են, որ իրենց հաջողության գրավականը եղել է շատ բաների ոչ ասելը, որպեսզի կենտրոնանան քիչ կարևոր բաների վրա։ Լաո Ցզին ասում էր, որ գիտենալու համար պետք է ավելացնել, իսկ իմաստուն լինելու համար պետք է հրաժարվել ավելորդից։

Կրթության համակարգում անհրաժեշտ է հոգեբանական, ոչ թե մեքենաշինական կառավարում։ Սա պիտի լինի նոր կառավարության թիվ 1 խնդիրը։ Եթե երեխան հոգեբանորեն լավ չի զգում դպրոցում, ապա 10-ամյա ուսուցումը 12-ամյա դարձնելը պատիժ է, ոչ թե շատ սովորելու մղող հանգամանք։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ անցումը 12-ամյա կրթության ոչ միայն չբերեց կրթության որակի բարելավման, այլև նույնիսկ հակառակը եղավ։ Աշակերտները 1.5 տարի դպրոցում ժամանակ են սպանում։ Կրթության համակարգը չունի 17-18 տարեկան աշակերտների հետ աշխատելու արդյունավետ ձև։ Ավելին, նման հարց ԿԳՄՍ օրակարգում նույնիսկ չկա էլ։ Նախագծային ուսուցում ներմուծելը, առարկա ընտրելու հնարավորություն տալը չեն լուծելու այդ խնդիրը, քանի որ երեխային մեքենա դիտարկող համակարգը պարզապես ձևական է դարձնելու այդ փոփոխությունը։

Շուտով կլինի նոր կառավարություն։ Այդ կառավարության ԿԳՄՍ նախարարը նորից կխոստանա, որ կրթությունը յուրաքանչյուր ժողովրդի համար առաջնային է։ Կազդարարվի բարեփոխումների նոր ալիքի սկիզբը։ Կլինեն մի քանի տարի հետո որակապես այլ կրթական համակարգ ունենալու խոստումներ։ Խոստացված բարեփոխումները կամրագրվեն թղթերի վրա ու այդտեղ էլ կմնան։ Հաջորդ ընտրություններից հիասթափված մարդիկ նորից կխոսեն այն մասին, որ պետք է հրատապ փոփոխություններ անել կրթության ոլորտում, քանի որ լուծումը կրթությունն է…

Եվ այդպես կշարունակվի, քանի դեռ չենք հասկացել, որ մեզ պետք է կրթություն մարդու, ոչ թե մեքենայի համար։ Սա պիտի լինի կրթական բարեփոխումների մեկնակետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս