«Տարանջատեցին, Արցախը դարձրեցին բեռ և այդ բեռից ազատվելը դարձրեցին երանություն». Արզիկ Մխիթարյան
Արցախի 75 տոկոսը և Սյունիքի բարենպաստ դիրքերը թշնամուն հանձնելուց հետո շատերը հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի վերընտրվի, և հնարավորություն կստեղծվի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծելու, օրինակ, ՀՀ սուվերեն տարածքից թշնամուն հանելու, Բաքվում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու, սյունեցիների անվտանգությունն ապահովելու, Արցախի մնացած հատվածը պահպանելու, հայոց բանակը վերականգնելու և այլ հարցեր։ Սակայն ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերընտրվեց, և այս խնդիրները լուծելու բոլոր հույսերը մարեցին։
Նիկոլ Փաշինյանի իշխանության վերընտրվելուց հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին, այս հարցն այսօր հետաքրքրում է շատերին, հատկապես այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ որևէ խոսք չասաց Արցախի ապագայի իր տեսլականի մասին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, գիտության վաստակավոր գործիչ Արզիկ Մխիթարյանն անդրադառնալով այս հարցին՝ նկատեց, որ Արցախի ճակատագիրը գրեթե լուծել են, մտավախությունները, անհանգստությունները և տառապանքը, թվում է, թե արդեն իսկ մատուցվել է, և հավանաբար այսօրվա իրենց ունեցած կարծիքից շատ քիչ բան է կախված։
«Իհարկե, որևէ մեկ արցախցու սրտով չէ այն վիճակը, ինչ այսօր կա, դա անսպասելի էր, դա մենք երբևէ չէինք սպասում, որ կարող ենք հայտնվել նման իրավիճակում։ Բայց քանի որ Հայաստանի ժողովուրդը գտնում է, որ Արցախը բեռ է դարձել ինչ-որ տեղ, ասում են, թե իրենց որդիներն Արցախի համար զոհվում են, և անիմաստ է այդ զոհողությունները, ի՞նչ կարող է ասել արցախցին։
Ես տարիներ շարունակ, թե՛ պաշտոնական ելույթներում, թե՛ անձնական հանդիպումներում միշտ էլ ասել եմ, որ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն է, և պահպանելով Արցախի սահմանները՝ պահպանում ենք Հայաստանը։ Սակայն որևէ մեկ գաղափար չհնչեց, որ եթե Արցախի սահմանը տեղափոխվում է Գորիսի բարձունքները, նույն մեր որդիները չե՞ն պաշտպանելու, ի՞նչ տարբերություն՝ Հայաստանո՞ւմ էին պաշտպանում, թե՞ Արցախում»,- նկատեց Արզիկ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ արցախցիների նկատմամբ ձևավորվել է քամահրական վերաբերմունք, Արցախի հանդեպ ձևավորվել է արհեստածին թշնամանք, որի արդյունքում էլ շատերն ասում են, թե ինչու իրենց որդիները պետք է ծառայեն Արցախում։
«Եթե բնակչության 53 տոկոսը կողմ է այդ գաղափարին, ապա ես իրավունք ունեմ ասելու, որ դա ժողովրդի կարծիքն է, որովհետև 53 տոկոսն արդեն իսկ ժողովուրդ է, անհատներ չեն, նրանք բոլորը միաբերան ասում են, որ Արցախն իրենց չի հետաքրքրում, որ Շուշին անգույն է, չեմ էլ ուզում այդ բոլոր ձևակերպումները վերհիշել, որովհետև դրանից մարմինս պարզապես դողում է։
Դեռևս 1997 թվականին Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեցի, որտեղ քննարկվում էր ղարաբաղցի-հայաստանցի ձևակերպումը, դա թուրքի գաղափարն է, որը մտցվեց մեր ժողովրդի մեջ, և մինչև այսօր ուզում են այդ գաղափարն արմատավորեն բոլորի մեջ։ Տարանջատեցին, Արցախը դարձրեցին բեռ և այդ բեռից ազատվելը դարձրեցին երանություն»,- հավելեց Ա. Մխիթարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՀ բնակության մի մասը «զզված» է Արցախից, դա տեսնում է ֆեյսբուքյան գրառումներում, նաև անձնական հանդիպումների ժամանակ՝ երբեմն չիմանալով, որ ինքն Արցախից է, արցախցու մասին այնպիսի ատելությամբ են խոսում, որ փշաքաղվում է։ Այս ամենը, նրա բնորոշմամբ, ահավոր դժբախտություն, ողբերգություն է և՛ արցախցիների, և՛ ողջ հայ ժողովրդի համար։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, թե պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանն էլ ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», և այս համատեքստում եղած մտավախություններին, մեր զրուցակիցն ասաց.
«Եթե այսքանը կատարվել է, ես չեմ կասկածում, որ նաև դա է լինելու, որ նրանք ճանաչելու են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», չե՛մ կասկածում։ Ես չեմ կարող խոսել բոլոր արցախցիների անելիքների մասին, սակայն գտնում եմ, որ մեկ արցախցի մնալու դեպքում էլ՝ պետք է պահպանել Արցախը։ Դավաճանություն կլինի այստեղից թողնել ու դուրս գալը, դա կլինի նույն Նախիջևանը։ Եթե այսօր մենք հեռուներում կանգնում ու տեսնում ենք՝ մեր դեմ տիկ հանած Մասիս սար կա, որ կորցրել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, մի գեղեցիկ օր էլ կանգնելու ենք ու տեսնենք, որ կորցրել ենք Արցախը։ Հնարավոր է, որ արցախցին չկարողանա դիմանալ, բայց այդուհանդերձ կգտնվեն մարդիկ, որոնք մտածում են ինձ պես և կպահպանեն Արցախը՝ հույս ունենալով, որ հետագայում գուցե ինչ-որ ելք կգտնվի»։
Ինչպե՞ս եղավ, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարանք և Արցախն ազատագրեցինք, իսկ 44-օրյա պատերազմում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը։ Պատասխանելով այս հարցին, Արզիկ Մխիթարյանը նախ նշեց, որ ականատեսն է եղել ոչ միայն Արցախի առաջին գոյապայքարին, այլև արցախյան շարժման ակտիվիստներից է եղել, մարդ, որը ամբողջ մի տարի հանրահավաք է ղեկավարել, ամբիոնից խոսք է հղել ժողովրդին և իր հետևից մարդիկ է տարել։
«Իմ ամբողջ ընտանիքը ծառայել է պատերազմին, իմ չորս որդիները կռվել են այդ պատերազմում, նրանցից մեկը «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ է, ոչ այսօրվա չափանիշներով, այլ, որ նա կռիվ է տվել թուրքի դեմ։ Կարծում եմ՝ այն ժամանակվա մեր հաղթանակի ֆենոմենը պետք է որոնել մեր միասնության և ոգու մեջ։ Երբ տարիներ առաջ մեզ մոտ աշխարահահռչակ երգիչներից մեկն էր եկել, ասաց. «Երբ քարտեզի վրա Արցախն էի փնտրում, տեսա՝ փոքրիկ մի հատված է, և մտածում էի, գալիս եմ փոքրիկ մի երկիր, որտեղ պատերազմ է գնում։ Բայց եկա ու տեսա, որ այստեղ ոչ թե փոքր երկիր է, այլ ոգու իմպերիա է»։ Արցախն այն ժամանակ եղել է ոգու իմպերիա, և ողջ հայությունը միաբերան, միասնաբար ընդգրկված էր այդ ոգու մեջ, դրա համար էլ մենք հաղթանակել ենք։ Իսկ այսօր, երբ պառակտված ենք այնպես, որ նույնիսկ ոչ միայն Արցախի դեմ են խոսում, այլև Երևանի կենտրոնում ականատես եղա, որ մայրերից մեկն ասում է, թե ինչու իմ տղան պետք է գնա Սյունիքում պաշտպանի երկիրը։ Սա թուրքի գաղափարախոսություն է, որը մտել է մեր ժողովրդի մեջ, սա ահավոր մի բան է։
Ես վերջին հարցազրույցներիցս մեկում հիշեցրել եմ Ավետիս Ահարոնյանի անցյալ դարասկզբի ասած միտքը, ասում է՝ ազատությունը եկավ ու բախեց մեր դուռը, բացեց դուռն ու տեսավ, որ ներսում հայ չկա, կային գորիսեցիներ, գյումրեցիներ, արցախցիներ, ազատությունն ասաց, որ կգամ այն ժամանակ, երբ լինի միասնականություն։ Ազատությունը մեզ այլևս այցի չի գա, քանի դեռ մենք ունենք այդ գաղափարը՝ երևանցի, հայաստանցի, ղարաբաղցի, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ այդպիսի բան, սա կատարվեց շատ վարպետորեն»,- շեշտեց նա։
Արզիկ Մխիթարյանի կարծիքով՝ հավանաբար միասնականության բացակայությունը պատճառ դարձավ պարտության, և վերջապես կան երևույթներ, որոնք տեսանելի չեն, դա կբացահայտի պատմությունը։