«Համոզվեցինք, այս ամենը իշխանության մեջ պետք է բան փոխի, և ամեն ինչ կշռադատված անեն ու հաշվետու լինեն ժողովրդին». արցախցի բժիշկը՝ Ստեփանակերտի ակցիայի մասին

Հունիսի 21-ին և 22-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ նախագահ Հարությունյանից պահանջելով չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ և դրանից հետո ներկայացնել հրաժարական։

Ակցիայի մասնակից, արցախցի բժիշկ Մարատ Հարությունյանի խոսքով՝ այս երկու օրվա հավաքները ցույց տվեցին, որ Արցախում կան շատ առողջ ուժեր, առաջին հերթին՝ առողջ հասարակություն, անհատներ, որոնք, առանց որևէ դրդապատճառի ու կուսակցական շահի, ինքնակամ դուրս են եկել հրապարակ, որպեսզի հայտնեն իրենց դժգոհությունը նախագահի գոծողությունների վերաբերյալ։

«Դժգոհությունն այն է, որ պատերազմի ընթացքում և հետո եղել են բազմաթիվ բացթողումներ, և ժողովուրդը ուզում է կամարտահայտվել «հեռացիր» լոզունգով։ Այդքան առողջ հասարակություն, առողջ մթնոլորտ, մարդիկ տարբեր ոլորտներից միասին հավաքվել էին հրապարակում, որպեսզի ասեն՝ դժգոհ են նախագահի պահվածքից, վարվելաձևից, նրանք իրենց խոսքն են ուզեցել ասել, ինքնակամ, առանց որևէ մեկի ուղղորդման։ Այս ամենի արդյունքում, առաջին օրվա հանրահավաքից հետո վերահսկողությունից դուրս իրավիճակ էր ստեղծվել, որը պետք է հանդարտեցնել, և թույլ չտրվեր, որպեսզի լինեին բախումներ։ Դա մեզ հաջողվել է, դրա պատասխանատվությունը որոշ չափով նաև ինձ վրա եմ վերցրել։ Փառք Աստծո, ժողովուրդը հանդարտվել է, և Արայիկ Հարությունյանից պահանջել են, որպեսզի ելույթ ունենա։ Նա ելույթ է ունեցել, նայել է ժողովրդի աչքերի մեջ ու պատմել իր հետագա քայլերի մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարատ Հարությունյանը։

Ըստ բժշկի, Արցախի նախագահի ելույթից հետո հասկանալի դարձավ, որ այսուհետև պետք է վարվել ժողովրդին լսելով, մաքսիմալ մտածելով, և թույլ չտալ որևէ հակաժողովրդական քայլ։

Նրա կարծիքով՝ այս ամենն իրենց հաջողվել է, քանի որ Արայիկ Հարությունյանն իր ելույթում տարբեր երևույթների մասին տարբեր շեշտադրումներ է արել, նա ներողություն է խնդրել իր բոլոր չմտածված ու թույլ տված սխալ քայլերի համար։

«Ինքս ակցիայի կազմակերպիչների մեջ չեմ եղել, սկսել եմ ավելի ակտիվ լինել, երբ առաջացավ վտանգ, և արդեն կար ոստիկանության հետ բախման վտանգ։ Ես չէի կարող մի կողմ կանգել ու տեսնել, թե ինչպես է ժողովուրդը բախումների մեջ մտնում ոստիկաննների հետ։ Մեր Արցախը փոքր է, այդ նույն ոստիկանները գրեթե բոլորին ճանաչում են, բոլորը մեր ընկերներն են։ Մենք համոզվեցինք, այս ամենը իշխանության մեջ պետք է բան փոխի, և ամեն ինչ կշռադատված անեն ու հաշվետու լինեն ժողովրդին։ Հրաժարականի պահանջը, բնականաբար, շարունակվում է, բայց հաշվի առնելով, որ կան մութ քաղաքական ուժեր, որոնց նպատակը բոլորովին այլ է, իսկ հասարակկանա առողջ ուժը՝ մարդիկ, չեն ուզում, որ այդ քաղաքական ուժերը անձնական մասնակցություն ունենան այս ամենի մեջ, և ամեն մեկը փորձի դիվիդենտներ շահել»,- հավելեց Մ. Հարությունյանը։

Ըստ նրա, պետք է լինի մեկ միասնական օրակարգ, որը բոլորի համար ընդունելի լինի, և այդ օրակարգով բոլորն առաջ շարժվեն, պետք է հասնել դրան։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախն ունի նախագահի ինստիտուտ, հիմա ամեն ինչ անում են այն պահելու համար, կորցնելու ռիսկերը լավ են հասկանում։

«Ժողովուրդն ունի  արդարացի պահանջ, և ես վստահ եմ, որ երեկվա օրն ապացուցեց, որ ամեն ինչ փոխվելու է, կա նպատակ, այն մասամբ իրականացված է, շարունակությունն էլ հանգիստ ու նորմալ ճանապարհով կիրականացվի, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում վերընտրված իշխանությանը և հարցին՝ մտահոգություններ չունի՞,  որ Արայիկ Հարությունյանը ՀՀ ներկայիս իշխանությունների առկայության դեպքում, չի կարող փոխվել և գործել ի շահ Արցախի ու արցախցու, Մարատ Հարությունյանը պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանը ևս արցախցի է, նրա եղբայրը ևս զոհվել է Արցախի գոյապայքարի ժամանակ։

«Լքել ժողովրդին, չկանգնել նրա կողքին և ժողովրդին անտեսել ու թողնել մի կողմում ու առաջնորդվել անձնական շահով, ես դրա անունը դնում եմ դավաճանություն։ Հուսամ, որ այդպես չի լինելու, որովհետև մենք շատ բան ենք կորցրել և այլևս կորցնելու հայրենիք չունենք, սա է մեր տունը, տեղը, մեր ապրելու տեղը։ Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակն ավելի նպաստավոր է, որովհետև ԱԺ-ում ձևավորվող ուժերը կլինեն առողջ ընդդիմություն, խելացի, պահանջող, քննադատող, որոնք թույլ չեն տա, որպեսզի վերընտրված իշխանությունն ինչ ուզենա՝ անի։ Այս ընտրություններից հետո ավելի քան վստահ եմ, որ հենց այդպես է լինելու, քան մինչև ընտրությունները ԱԺ-ում ձևավորված ուժերն ու իրենց գործելաոճն էր։ Հիմա կարծում եմ, որ Արցախի համար ավելի լավ տարբերակով են լինելու որոշումները, իմանալով, թե որ ուժերն են անցել ԱԺ ու ինչ սրտացավ ու հայրենասեր մարդիկ են ԱԺ-ում՝ ոչ իշխանական թևից»,- եզրափակեց Մարատ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս