«Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք». Արմեն Սարգսյան

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար.

Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաև աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կրթությամբ տեսական ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահն է 2018 թվականից: Նրա դերը Հարավային Կովկասի փոքր խորհրդարանական հանրապետությունում հիմնականում ներկայացուցչական է, բայց նա ասում է, որ պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն, որոնք համակարգը կվերափոխեն դեպի ավելի նախագահականի:

Խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց, նախագահական նստավայրում կայացած բավական երկար հարցազրույցի ժամանակ նա պնդում էր, որ այդ փոփոխությունը երկրի ներկայիս շատ խնդիրներ կլուծի:

Սարգսյանը, որը դասավանդել է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա), երկրի վարչապետն է եղել 1996-1997 թթ. և ունի երկար տարիների դիվանագիտական փորձ: Նա նաև այնպիսի խոշոր ընկերությունների խորհրդատու է եղել, ինչպիսիք են՝ Alcatel-ը, Bank of America-ն и Telefónica-ն: Հիմա նա փորձում է ստեղծել փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ, որը գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ կդառնա: Նա նաև հանդես է գալիս այն պատնեշների վերացման օգտին, որոնք այսօր խոչընդոտում են Սփյուռքում ապրող հայերին ներգրավվել երկրի քաղաքական կյանքում:

El Pais – Խորհրդարանական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը հայտարարեց, որ չի ընդունում դրանց արդյունքները: Ի՞նչ եք կարծում, լո՞ւրջ լարվածություն կլինի:

– Այդ հարցն ամբողջ քարոզարշավի ընթացքում ինձ շատ է հուզել: Լեզուն, որն օգտագործել են քաղաքական գործիչները կոպիտ, անհանդուրժող, իմպուլսիվ էր, և դա անընդունելի է: Ես անհանգստանում էի, որովհետև կարծում էի, թե կարող ենք հնարավոր առճակատումների բախվել, սակայն, ամենայն հավանականությամբ, կխուսափենք դրանցից:

El Pais – Կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերսկսվել: Դուք դա հավանական համարու՞մ եք, թե՞ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն:

– Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է: Ռուս խաղաղապահներն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) կլինեն առնվազն հինգ տարի:

El Pais – Եվ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը լա՞վ գործ է անում:

– Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք: Պարզ է, որ այս հրադադարը համաձայնեցված է երեք կողմերի միջև, միգուցե ետնաբեմում ներգրավված է չորրորդը՝ Թուրքիան, որը ինչպես և Ձեր երկիրն է (Իսպանիան), ՆԱՏՕ-ի անդամ է, և որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը:

El Pais – Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ի հետ հարաբերությունները պե՞տք է ամրապնդել:

– Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց: Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների և հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, և դա բավականին խոր կապ է:

Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն: Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում և կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա: Մենք մի երկիր ենք, որը պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ է կորցրել: Հայ-ադրբեջանական սահմաններում լարվածություն կա: Կան շատ հուզական խնդիրներ, քանի որ չնայած Հայաստանը վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանը հրաժարվում է դա արել: Բաքուն նրանց օգտագործում է սակարկությունների նպատակով: Դա սխալ է: Դուք չեք կարող օգտագործել մարդկային կյանքն առևտրի համար:

El Pais – Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

– Կարծում եմ, որ մենք պետք է շատ խոր հարաբերություններ ունենանք Եվրամիության և արևմտյան այլ երկրների հետ: Մենք Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ: Եթե դուք ազգ եք, որը ցեղասպանության պատմություն է ունեցել հարևանի՝ Թուրքիայի հետ, ապա պետք է շատ զգույշ լինեք: Քեզ բարեկամ է պետք: Երկար տարիներ Ռուսաստանը այդ բարեկամն է, և մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խոր ու ամուր հարաբերություններ և կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ և խոր հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ:

El Pais – Նշեցիք, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է որպես բարեկամ: Շարունակո՞ւմ եք լինել նույնքան լավ բարեկամ, որքան նախկինում:

– Ովքե՞ր կարող են դա գնահատել: Նախագահները նախագահների հետ քննարկումներու՞մ: Մարդիկ մարդկանց հե՞տ… Բարեկամության, նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մասին պետք է հոգ տանել: Յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ժամանակ, ջանք և քրտնաջան աշխատանք՝ այն կենդանի, արդյունավետ և օգտակար պահելու համար:

El Pais – Ի՞նչ եք կարծում, բավարա՞ր չափով եք հոգ տարել:

– Մենք կարող ենք անել ավելին մեր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին նաև Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի Սփյուռքում, պետք է ավելի ակտիվ աշխատենք: Սա հենց այն է, ինչ խորհուրդ եմ տալու հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ և լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ:

El Pais – Դուք խոսում եք շատ խնդիրների ու բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի դա անել:

– Փոխելով Սահմանադրությունը: Մեր շատ խնդիրներ կապված են ոչ ճիշտ սահմանադրության հետ: 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի: Երբ չկա խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, իսկ մեզ մոտ այն չկա, դա չի կարող արդյունավետ աշխատել:

El Pais – Ինչպիսի՞ փոփոխություն պետք է լինի:

– Հայաստանը եղել է Ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային Միության մաս: Հետո մենք դարձանք նախագահական հանրապետություն: Կա նախագահի ինստիտուտի մշակույթը: Բացի այդ, մենք քրիստոնյաներ ենք, մենք միշտ ուզում ենք ունենալ փրկիչ: Սա դրսևորվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում: Մենք ասում ենք. «Եկեք և փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու»: Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը: Եվրոպական ինստիտուտները մեզ հորդորում էին զարգացնել խորհրդարանական ժողովրդավարությունը, սակայն իրականում մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Սա լինելու է առաջիկա տարիների իմ առաքելությունը:

Սակայն անգամ նախագահական համակարգի պարագայում մենք պետք է այն հավասարակշռենք ուժեղ խորհրդարանով, ինչը հիմա չենք անում: Մեր խորհրդարանը ներկայացուցչական չէ: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որի անդամները կներկայացնեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ վայրեր, կոնկրետ քաղաքներ: Իսկ դրանից հետո պետք է լուծել մյուս առանցքային հարցը՝ ինչպես աշխատել մեր Սփյուռքի հետ:

El Pais – Ի՞նչ իմաստով:

– Մենք հայկական Սփյուռք անվանում ենք այն հայերին, ովքեր բնակվում են արտերկրում: Այն մեր ազգային արժեքն է, և մենք նրանից չենք օգտվում: Մենք պատնեշներ ենք կառուցել՝ թույլ չտալով Սփյուռքի մեր հայրենակիցներին մուտք գործել մեր երկիր քաղաքական տեսանկյունից: Պատգամավոր դառնալու համար պետք է վերջին չորս տարին բնակվես Հայաստանում, պետք է ունենաս միայն Հայաստանի անձնագիր, ինչն անհեթեթ է: Նույնը նաև նախագահի պարագայում՝ պետք է վերջին վեց տարին բնակվես Հայաստանում և ունենաս միայն մեկ անձնագիր՝ հայկականը: Սակայն երբ քո ուժը մարդկային արժեքն է, քեզ պետք է մեկը, ով ունի կյանքի մեծ փորձառություն, ով ճանապարհորդել է, ապրել ու աշխատել ողջ աշխարհում: Ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ներգրավված քաղաքականության, բիզնեսի ոլորտներում: Նրանցից և ոչ ոք այսօր չի կարող իր քաղաքական ներդրումն ունենալ Հայաստանում: Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել: Համաշխարհային փորձառությունը, գիտելիքներն են իրական հարստությունը: Պատկերացրեք, որ ներկայիս 3.5 մլն հայերի փոխարեն լինեն 15 միլիոնը:

El Pais – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարության հասցեին հնչող ամենալուրջ մեղադրանքներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության վերաբերյալ բանակցությունները կարող էին միանգամայն այլ կերպ լինել: Դա այդպե՞ս է:

– Ես չեմ սիրում ենթադրություններ անել: Ես և վարչապետը երկու տարբեր սերունդներ, տարբեր փորձառություններ ունեցող մարդիկ ենք: Անգամ հակառակորդին՝ Ադրբեջանին ենք տարբեր կերպ ճանաչում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, արդյունքները կարող էին լինել տարբեր: Ես չեմ կարող ասել, թե՝ հստակ ինչպիսին, քանի որ այստեղ դերակատարում ունեն ոչ միայն բանակցող անձինք, այլև արտաքին գործոնները և այն, թե ինչպես են դրանք ազդում քեզ ու քո հակառակորդի վրա: Սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պետք է մոռանանք այդ մասին և կենտրոնանանք ապագայի վրա: Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որոնք մենք երբեք չենք մոռանա, ինչպես՝ Ցեղասպանությունը: Շատ կարևոր է, որ մյուս կողմը ևս հասկանա, որ եթե չես հանդուրժում ուրիշի արժեքները, մշակույթը, պատմությունը, ապա չես կարող հարաբերություններ կառուցել: Մեր հարևանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: 26 տարի առաջ նույն երկրները պատերազմեցին, և հայերը հաղթանակ տարան: Ի՞նչ գիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիմա Ադրբեջանը կարող է մի պարզ քայլ կատարել՝ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին: Դա կլինի փոքր, սակայն կարևոր քայլ կործանված հարաբերությունների կառուցման ճանապարհին: Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, և դա նորմալ է: Էրդողանը չէր 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության կազմակերպիչը: Բայց, պետք է ուժեղ լինես ներողություն խնդրելու համար: Ներում հայցելը ուժ է, այլ ոչ թե թուլություն:

Տեսանյութեր

Լրահոս