«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, կարելի է անվանել պետական ինքնասպանություն, որը վերջին փուլն է». Կոլերով

Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովի հետ

– Պարոն Կոլերով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախօրեի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, ստացավ քվեարկությանը մասնակցած 1,281,174 ընտրողներից միայն 687251 (53.92%) ձայնը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ 27,5%-ը, մասնակցությունը եղավ 49,4 %: Այս ընտրությունը, ըստ Ձեզ, լուծո՞ւմ է մեր երկրի քաղաքական ճգնաժամը:

– Դուք խելացի հարցադրում եք անում: Ես այդ մասին մտածում էի: Հարցն այն է, որ, իհարկե, ընտրողների հայտարարված պաշտոնական թիվը, հաշվի առնելով մասսայական արտագաղթը Հայաստանից, փաստացի բնակվողների իրական պատկերը չի արտացոլում: Սակայն ճիշտ է այն, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսը և այդ կեսից Փաշինյանի օգտին քվեարկել է կեսը: Այսինքն՝ այն սահմանադրական մեծամասնությունը, որը Փաշինյանը հայտարարեց, թե ստացել է, հասկանալի է, որ Փաշինյանի հակառակորդների մոտ ավելի քիչ է: Եթե մենք լինեինք դոգմատիկներ և բացարձակացնեինք ընտրությունների արդյունքը, ապա Փաշինյանը ստացել է հենց սահմանադրական մեծամասնություն, այդ դեպքում մենք պետք է ասեինք, որ ողջ ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի իշխանության շարունակության օգտին, որը պարտվեց պատերազմը, որը կորցրեց Ղարաբաղը, որը հանձնեց Շուշին, որը հանձնեց Հադրութ, որն իր նախընտրական ծրագրով ակնարկեց, որ Ղարաբաղը պետք է կտրել և հանձնել: Ժողովուրդն աջակցեց այդ դիրքորոշմանը:

– Այսինքն՝ սա ըստ Ձեզ՝ իրական աջակցությո՞ւն է:

– Այո, չէ՞ որ այլընտրանք չկա: Հարցն այն է, որ ինչ-որ մեկը համաձայն չէ, բայց չէ՞ որ չի եկել ընտրության, և ո՞վ է մեղավոր: Միգուցե ես զգացմունքային եմ, բայց ես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել, կարելի է անվանել այսպես՝ պետական ինքնասպանություն: Եթե անկեղծ ասենք: Ողջ ակտիվ հասարակությունը, որի համար միևնույն չէ, քվեարկեց ինքնասպանության օգտին, կապիտուլյացիայի շարունակության օգտին, ավանտյուրիզմի օգտին, կամ՝ կային իսկանդերներ, կամ՝ չկային, ստեղծեցին նախարարություն անօդաչուների համար, բայց չկան անօդաչուներ, ստացան հումանիտար օգնություն՝ չհասցրին տեղ, հավաքեցին կամավորներին՝ չհասցրին տեղ: Այս անվերջ սուտը, որը շրջանառվում է, տեսանելի է նույնիսկ հեռվից, բայց այն տեսանելի չէ ընտրողների համար:

Ասում են, որ սրանում մեղավոր է նախորդ իշխանությունը, վատ է պատրաստվել պատերազմի, այս չեն արել, այն չեն արել, որքան ուզեք՝ կարելի է հղում անել նախորդ իշխանություններին, սակայն Փաշինյանն իշխանության է արդեն երեք տարի, իսկ անօդաչուներ ձեռք չեն բերվել ու չեն արտադրվել: Նա դրան մեծ ուշադրություն էր դարձնում՝ ռազմական ծախսերով համեմատվելով առաջատար վարչակազմերի հետ: Բայց չի ասում գլխավորը՝ դրանք նրա ռազմական ծախսերը չեն, այլ Ռուսաստանի նվերները՝ արտոնյալ գներով: Վատ ինքնաթիռներ են տվել, կրկին բոլորը մեղավոր են: Ամեն դեպքում, երբ գնում ես, ուշադիր ուսումնասիրում ես, թե ինչ ես գնում:

Լավ, սխալ բան է գնված, ինչ-որ մեկը պատժվա՞ծ է դրա համար, անուններ տրվե՞լ են: Ո՛չ։ Նշանակում է, որ դու նստած ղեկավարում ես երկիրը, ու ինչ-որ վատ մարդ քո ենթակայության ներքո կարող է անել նման քայլեր ու չի՞ պատժվելու: Խոսքը ՍՈՒ-երի գնման մասին է: Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունը նշանակում է՝ պետական ինքնասպանության շարունակություն, որը ստանում է ակտիվ ընտրողների մեծամասնության աջակցությունը: Եթե դու տանը նստում ես, մենք քեզ չենք հաշվում: Ավելին՝ չեմ ուզում, վախենում եմ, բայց պետք է ասեմ՝ դա երևի թե վերջնական փուլն է, քանի որ սա առաջացնելու է արտագաղթ, Փաշինյանը կմնա իր ֆանատների հետ միայնակ, կկտրի Ղարաբաղը, նախկինի նման չի վերահսկի սահմանները՝ չէր հսկում ու չի հսկելու, բայց սպասում է, որ ռուսներն են գալու իր փոխարեն դա անեն: Նման իրավիճակ, բայց ավելի խաղաղ, Լատվիայում է, որտեղ անկախության ձեռքբերումից հետո Լատվիայի, Լիտվայի բնակչությունը կրճատվեց մեկ երրորդով, գուցե արդեն 40 տոկոսով, և մնացել է բյուրոկրատիան ու թոշակառուները, քչերը գնում են ընտրության, և բյուրոկրատիան չի փոխվում, նրանք իշխանություն չեն տա, նրանց մոտ ամեն ինչ լավ է, Փաշինյանը իշխանություն չի զիջի, չի տա որևէ մեկին:

– Դուք խոսեցիք պետության ինքնասպանության վերջնական փուլի մասին: Ի՞նչ նկատի ունեք: Ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական առումով: Շատ է խոսվում Հայաստանում գուբերնիայի ու վիլայեթի կարգավիճակի մասին, իհարկե, ընդունված չէ բարձրաձայն, հրապարակային խոսել այդ հեռանկարների, ինքնիշխանության զիջման մասին, դա անընդունելի է, բայց հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում այդ մասին Ռուսաստանում, երբ խոսում եք պետության ինքնասպանության վերջնական փուլի մասին:

– Խոսեմ Ձեր նշած երկու տարբերակի մասին: Հայաստանը երբեք չի լինի մարզ: Ինչո՞ւ, որովհետև մարզի ստեղծման ճանապարհին կանգնած է միութենական պետության ավելի սիրալիր, արժանապատիվ, հարգված ձևաչափ, ինչպես Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերություններն են, որոնք ենթադրում են ընդհանուր աշխատանքային գրքույկներ, կրթական միացյալ համակարգ, միացյալ միգրացիոն համակարգ, դրանք արտոնություններ չեն պարզապես, ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այլ նույնական համակարգեր: Երբ Բելառուսում տնտեսական խնդիրներ են ծագում, մարդիկ աշխատանք են կորցնում, միլիոն մարդ է անցնում սահմանը և միաձուլվում անհետ առանց որևէ խոչընդոտի Ռուսաստանում: Սրան մարդիկ արդեն սովոր են և նույնիսկ չեն նկատում: Բայց նույնիսկ նման երկիր դառնալու համար Հայաստանը պետք է շատ պայքարի, քանի որ, եթե նույնիսկ Հայաստանը ցանկանա լինել Ռուսաստանի հետ միութենական երկրի կարգավիճակում (ի դեպ, չեմ կարծում, որ Հայաստանում կան այդ գաղափարի կողմնակիցներ), ապա ես անկեղծ ուզում եմ ասել, որ դա բացարձակ չի նշանակում, որ դա Ռուսաստանն է ցանկանում:

– Այսինքն՝ ՌԴ-ին հետաքրքիր չէ այդ հեռանկարը:

– Դա ունի ընթացակարգ՝ հանրաքվե, խորհրդարանի որոշում, այդ գաղափարը չունի կողմնակիցներ ու մեծամանություն և այն պատճառով, որ առաջինը՝ Ռուսաստանում հայերն արդեն ավելի շատ են, քան Հայաստանում, Դուք դա գիտեք: Ռուսաստանում ոչ մի նոր բան այդ միութենական երկրից չեն ակնկալում, հիանալի ապրում են հայերի հետ, և ամեն ինչ լավ է: Նրանք չեն հասկանում, թե էլ ինչ կարելի է անել, որպեսզի հայերը գոհ լինեն: Արդեն շուրջբոլորը հայեր են Ռուսաստանում, արդեն ամեն ինչ լավ է: Երկրորդ՝ ինչպիսին էլ որ լինի դիվանագիտական սիրալիրությունը երկու երկրների միջև, Ռուսաստանում նրանք, ովքեև գիտեն, թե քարտեզի վրա Հայաստանը որտեղ է, հիանալի գիտեն, թե ինչ է տեղի ունենում, ինչ է անում Փաշինյանը, ինչպես պարտվեց Հայաստանը պատերազմում, ինչպիսի աբսուրդային մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, և այլն: Այդ մարդիկ Հայաստանի կողմնակիցները չեն: Փաշինյանի հետ Ռուսաստանի միութենական երկիրը ուտոպիա է:

Ձեր մյուս նշած տարբերակը՝ թուրքականը: Պատերազմով՝ ոչ, դա տեղի չի ունենա, քանի դեռ կան ռուսական բազաները, Թուրքիան չի վերահսկելու, բայց ես վստահ չեմ, որ ՀՀ տարածքում ռուսական բազաները միշտ են լինելու: Ես այդ մասին ասել եմ շատ ավելի վաղ:

Երրորդ սցենարը, որը Դուք չնշեցիք, որը ևս կարելի է դիտարկել՝ եթե Հայաստանը կատաստրոֆիկ կերպով թուլանա, հնարավոր է՝ վերսկսվի այն խոսակցությունը, որը կար Սահակաշվիլիի օրոք՝ կոնֆեդերացիայի մասին, բայց Վրաստանը տնտեսապես լիովին Թուրքիայի ենթակայության տակ է՝ տրանսպորտային ենթակառուցվածք, Աջարիա, խողովակներ: Սրանք սերտորեն կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այս երեք վարկածները՝ և՛ գուբերնիական, և՛ թուրքական, և՛ կոնֆեդերացիա, սա պետականության զիջում է:

– Այսինքն՝ սա նաև աշխարհաքաղաքական ընտրությո՞ւն էր, որում չկա Ռուսաստանը:

– Ուտոպիա է Փաշինյանի օրոք մտածել հայ-ռուսական միութենական երկրի մասին: Դա տեսություն է: Նման ընտրություն չկա: Ռուսաստանում ևս չկան բավարար կողմնակիցներ այդ պրոյեկտի համար: Միայն Հայաստանում են քնում-արթնանում՝ մտածելով, թե ինչպես է Ռուսաստանը ցանկանում «ուտել» Հայաստանը: Նա ինչ կարող էր՝ արել է, ինտեգրել է միլիոնավոր հայերի ՌԴ-ում: Ավելին կասեմ՝ Սոչիի, Ռոստովի, Ռուսաստանի հայերն ավելի իրատես են, քան ՀՀ-ի հայերը: ՌԴ-ում Փաշինյանի կողմնակիցները քիչ են: Արևմուտքը որտե՞ղ է Հայաստանում: Արևմուտքը Անդրկովկասի հարցում լուսնի վրա է գտնվում: Արևմուտքը հանուն Հայաստանի՝ չի վիճելու Թուրքիայի հետ, հանուն ինչի՞: Նրանց, ի վերջո, կապում է ՆԱՏՕ-ն։

– Խոսելով ընդդիմության մասին՝ քննարկվում է՝ արդյոք պետք է բոյկոտի՞ ընդդիմությունն ԱԺ աշխատանքը, դիմի՞ ՍԴ, թե՞ անցնի աշխատանքի: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Սկզբունքային տարբերություն չկա բոյկոտելու և առանց իշխանության ԱԺ ներկայության միջև, դա նույնն է: Նրանք խուլ ընդդիմություն են լինելու սահմանադրական մեծամասնության դիմաց: Պետք է բացատրել մարդկանց՝ ինչու չես գնում խորհրդարան: Եթե կան խախտումներ, դրանք արձանագրվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե չկան, ուրեմն դիմելն անիմաստ է:

Տեսանյութեր

Լրահոս